Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանումն ավարտվեց

Վրաստանի քաղաքացիների ևս մեկ խումբ այսօր Սուդանի մայրաքաղաք Խարթումից ժամանեց Թբիլիսի։ Այս անգամ Վրաստան են վերադարձել Mayway Airlines-ի 13 աշխատակիցներ։ Այսպիսով Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանումն ավարտվեց։

Վրաստանի բյուջետային Myway Airlines և Geo Sky ավիաընկերությունների ընդհանուր առմամբ 33 աշխատակից գործուղմամբ գտնվում էր Սուդանում, երբ ապրիլի 15-ին Խարթումում սկսվեց զինված հակամարտությունը։

Հարկ է նշել, որ աշխարհի մի շարք երկրներ օրեր առաջ սկսեցին իրենց քաղաքացիների տարահանումն այն բանից հետո, երբ հակամարտող կողմերը հայտարարեցին ժամանակավոր զինադադարի մասին։

Իշխանության համար զինված պայքար է ընթանում Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժեր» կոչվող կիսառազմական խմբի միջև, որը ղեկավարում են նախկին համախոհները: Սուդանի ինքնիշխան անցումային խորհրդի ղեկավար, գեներալ Ալ Բուրհանը բանակի ղեկավարն է, իսկ գեներալ Դագալոն՝ արագ արձագանքման ուժերի։ Զինված հակամարտության ընթացքում արդեն ավելի քան 400 մարդ է զոհվել։

Խոր տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Սուդանում 2019 թվականին տապալվեց ավտորիտար նախագահ Օմար ալ Բաշիրը, որը երկիրը ղեկավարում էր տասնամյակներ շարունակ։ Նրա դեմ սկսված զանգվածային բողոքի ցույցերին աջակցում էին զինվորականները։ Ալ Բաշիրի տապալումից հետո զինվորականները և քաղաքացիական խմբերը պայմանավորվեցին ձևավորել անցումային կառավարություն, սակայն 2021 թվականին գեներալ ալ Բուրհանն իշխանությունը վերցրեց հեղաշրջման միջոցով։ Նրա դեմ ընդվզել է «Արագ արձագանքման ուժերի» առաջնորդ գեներալ Դագալոն, որը խոստանում է Սուդանը տանել դեպի ժողովրդավարություն։