«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրացական տարբերակը նման է ռուսականին. Միքելաձե

Վրաստանում արդեն երկրորդ շաբաթն է բուռն քննարկման առիթ է դարձել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագիծը:

Օրինագիծը, որը Վրաստանում անվանում են նաև «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, ըստ հեղինակների՝ ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, բոլոր այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցյում ասաց, որ օրինագիծը Եվրամիության ոչ մի անդամ երկրում չկա և հակասում է ԵՄ անդամ երկրի թեկնածություն ստանալու գործընթացին: (Վրաստանը դիմել է ԵՄ-ին` անդամ երկրի թեկնածություն ստանալու համար, սակայն եվրոպական հեռանկար է ստացել՝ կից 12 առաջնահերթություն, որոնց կատարումից հետո գուցեև ստանա թեկնածուի կարգավիճակ- խմբ.):

Միքելաձեն նկատում է՝ ԵՄ-ի 12 առաջնահերթությունների ցանկում են նաև հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների աջակցությունն ու քաղաքական կյանքին մասնակցելու թույլտվություն տալը, սակայն, ըստ Միքելաձեի՝ այս օրենքի հետ վերոնշյալներն անհամատեղելի են:

SJC-ի համահիմնադիրը նշում է, որ Վրաստանում գործող անկախ կազմակերպությունների մեծ մասը ֆինանսավորվում է դրսից, և բնական է, որ այս օրենքի նախագիծը հարուցել է նրանց դժգոհությունը: Ըստ նրա՝ այս օրենքի ընդունումն առաջին հերթին կխաթարի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

«Երկրորդը՝ օրենքի ընդունումը կառաջացնի նաև ժողովրդավարության խնդիր, քանի որ ոչ կառավարական կազմակերպությունները ժողովրդավարության տարածման հիմնական ինստիտուտներն են: Իսկ դրանց բացակայությունը, բնականաբար, կստեղծի ժողովրդավարության հետընթացի խնդիր»,- ասում է Միքելաձեն և հավելում, որ Վրաստանի կառավարությունն այս փուլում կենտրոնացած է իշխանությունը պահելու ուղղությամբ, դրա համար էլ խոչընդոտում է բոլոր այն խմբերի աշխատանքը, որոնք զբաղվում են հասարակությանն իրազեկելու հարցերով:

Ըստ SJC-ի համահիմնադրի՝ երրորդ խնդիրն այն է, որ օրենքի ընդունումը կառաջացնի ավտորիտարիզմի վտանգ: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կառավարությունը ցանկանում է այս օրենքով գործել բոլոր այն կազմակերպությունների դեմ, որոնք աշխատում են կառավարության թերությունների բացահայտման, կոռուպցիայի, մարդու իրավունքների, անարդյունավետ ռեֆորմների բացահայտման ուղղությամբ:

Միքելաձեն, անդրադառնալով իշխանության կողմից հնչող այն պնդումներին, թե ԱՄՆ-ում ևս նմանօրինակ օրենք է գործում, ասում է, որ ԱՄՆ-ում այդ օրենքն ընդունվել է 1930-ական թվականներին, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը հետևանք էր այն որոշակի վախերի, որոնք եղել են կոմունիստական և նացիստական ուժերի ազդեցության դեմ.

«Ամերիկյան օրենքն այսօր էլ գործում է, բայց կիրառվում է որոշակի անձանց նկատմամբ, որոնք որևէ որոշակի երկրի ներկայացուցիչ են և ներկայացնում են որևէ լոբբիստական կազամակերպություն: Սրա նպատակը հիմնականում թշնամական պետության բացահայտումն է»:

Միքելաձեն ընդգծում է՝ ռուսական օրենքն իսկևիսկ վերաբերում է բոլոր այն քաղաքացիական կազմակերպություններին, մեդիակազմակերպություններին, որոնք ֆինանսավորվում են դրսից:

Համեմատելով ռուսական և ամերիկյան համանման օրենքները` Միքելաձեն նշեց, որ, չնայած, ԱՄՆ օրենքը բարդ կանոնակարգեր է ենթադրում, այնուամենայնիվ` տարածվում է որոշակի անձանց և շրջանակների վրա ու անվտանգային նպատակ է հետապնդում, իսկ ռուսականի դեպքում՝ դարձել է հստակ գործիք բոլոր քաղաքացիական կազմակերպությունների, մեդիակազմակերպությունների կառավարման նպատակով:

Միքելաձեն համամիտ չէ Վրաստանի կառավարության այն պնդմանը, թե ԱՄՆ օրենքն ավելի «ծանր է», քանի որ այդ պնդումը կիսով չափ է ճշմարտանման:

«Եվս մեկ անգամ կընդգծեմ, որ ԱՄՆ օրենքը տարածվում է միայն որոշակի անձանց և շրջանակների վրա:

Վրաստանի այսօրվա օրինագիծը, որը քննարկվում է խորհրդարանում, միանշանակ նման է ռուսական օրենքին, քանի որ ներառում է բոլոր քաղաքացիական կազմակերպությունները, մեդիակազմակերպությունները»,- ընդգծեց Միքելաձեն:

Միքելաձեի կարծիքով, հաշվի առնելով այն հայտարարությունները, որ բարձրաձայնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և այն փաստը, որ «Ժողովրդի ուժը» շարժումն անկախ սուբյեկտ չէ, այլ իշխող կուսակցության արբանյակն է` «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կընդունվի: