Երբ սպասելիքները տարբերվում են իրականությունից․  ի՞նչ խնդիրների են բախվում «1+4»-ի ուսանողներն աշխատանք փնտրելիս

Թբիլիսիի պետական համալսարանի «Ազգաբանության» ֆակուլտետն ավարտող 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Հակոբյանն իր ընտրած մասնագիտությամբ չի կարողանում աշխատանք գտնել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղի հանրային դպրոցի շրջանավարտը 2018–ին տեղափոխվել է մայրաքաղաք Թբիլիսի՝ ուսումնասիրելու ազգերի ծագումնաբանությունը, եզակի մի մասնագիտություն, որը ԹՊՀ–ում մի քանի տարի առաջ է բացվել։ 

«Դպրոցական հասակից հետաքրքրված եմ եղել վրաց լեզվով, ազգով և ընդհանրապես Վրաստանով։ Ազգաբանի մասնագիտության մասին մինչև համալսարան ընդունվելը չէի լսել, երբ ընդունվեցի, նախապատրաստական կուրսում սկսեցի հետաքրքրվել համալսարանի այն ֆակուլտետներով, որոնք կապված էին իմ հետաքրքրությունների հետ։ Տեսնելով «Ազգաբանությունը»՝ որոշեցի հենց դա ընտրել։ Մտածում էի, որ կարող եմ աշխատել որպես վրաց էթնոսի և լեզվի հետազոտող»։ 

Կարևորելով ընտրած մասնագիտությունը, չէր էլ կարծում, որ այս ոլորտում աշխատանք գտնելն անհնար կլինի․ մտածում էր՝ «Ազգաբանությունը» պահանջված կլինի պետության համար, սեփական, հինավուրց ազգի ծագումնաբանությունն ուսումնասիրողներին պետությունը կխրախուսի․  ինչպես նշում է, սակայն, տևական ժամանակ փնտրտունքների մեջ է, դեռ ոչ մի թափուր աշխատատեղ չի հանդիպել։

«Աշխատանք հիմնականում փորձել եմ փնտրել համացանցով, տարբեր կայքերի միջոցով, դեռ այնպիսի կենտրոն, կազմակերպություն, որտեղ ընտրածս մասնագիտությամբ կարող եմ աշխատել, չի հանդիպել, այդ պատճառով սկսել եմ աշխատել խանութում որպես հաշվապահ/խորհրդատու։ Երկրորդ մասնագիտություն, ինչպես հայազգի ուսանողների մեծամասնությունը, ընտրել եմ «Մանկավարժությունը», որպեսզի, եթե հիմնական մասնագիտությամբ չհաջողվի աշխատանք գտնել, երկրորդով փորձեմ դպրոցում վրաց լեզվի ուսուցչուհի աշխատել», — «Ալիք Մեդիա»–ի հետ զրույցում նշում է Արմինեն։

Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ ուսանողուհին նշում է նաև, որ խանութների տարբեր ցանցերում հարցազրույցների է եղել է մի քանի անգամ․ վրացերենի չիմացությունն այնքան էլ մեծ խնդիր չի հանդիսացել, որքան շրջապատում ինտեգրվելը․

«Մայրաքաղաքից հեռու, փոքր մի գյուղում մեծացած աղջկա համար շատ բարդ է ինտեգրվել նոր ու անծանոթ միջավայրում, հատկապես, եթե հասարակության ներկայացուցիչներն այլազգի են։ Ես նկատել եմ, որ մեր և վրացիների մտածելակերպի մեջ մեծ տարբերություն կա։ Նրանք ավելի ազատ են բնավորությամբ և հեշտ ինտեգրվող, իսկ շրջաններից եկած էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ երիտասարդները՝ ոչ այնքան»։

Վրաստանում Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողները որպես կանոն փորձում են համալսարան ընդունվելուն զուգընթաց, նախապատրաստական կուրսից աշխատել։

«Ֆրեյա» միության կատարած հետազոտության համաձայն, որը կապված է էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների աշխատանքի փնտրման և կրթության հետ՝ ուսանողներն աշխատանքի են անցնում երկրի պետական լեզուն կիրառելու, սովորելու, ինչպես նաև նաև ընտանիքի ֆինանսական հոգսը թեթևացնելու համար։

Ուսանողների մեծ մասը, ինչպես նշվում է հետազոտության մեջ, աշխատանքն սկսում է առևտրի կետերում, սակայն նշում են, որ իրականում դժվար է այդ աշխատանքը համատեղել դասերի հետ։

Նրանք նշում են նաև, որ շատ հաճախ, երբ դիմում են թափուր աշխատանքի համար, որը կապված է իրենց մասնագիտության հետ, տվյալ աշխատատեղը նախորոք ընտրած կադրեր է ունենում, որոնց մեջ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ չեն հանդիպում, հաճախ նաև նրանք աշխատանք են սկսում այնպիսի տեղերում, որտեղ ստաժավորումը չի ֆինանսավորվում  և ստիպված են լինում չֆինանսավորվող ստաժավորում անցնել և աշխատանքի չանցնել։

Հատկանշական է, նաև այն, որ առավել ևս էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ աղջիկների համար, ովքեր շրջաններից են, խիստ կարևոր է աշխատանք գտնելը հենց բուհում սովորելու ընթացքում, քանի որ ինչպես նշում են նրանք, համալսարանն ավարտելուց հետո նրանք ստիպված են վերադառնալ տուն, ինչը նվազեցնում է մասնագիտությամբ աշխատանք գտնելու հավանականությունը և ստիպված են լինում օգնել ընտանիքին գյուղական տարբեր ծանր գործեր իրականացնելու մեջ։

Ոչ միայն  էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների, այլև Վրաստանի բնակչության մեծամասնության համար ևս գործազրկության խնդիրը դեռ արդիական է։       

Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների համար, սակայն, խնդիրը կրկնակի բարդ է, քանի, որ նրանք ունեն լեզվի չիմացության և ինտեգրացիայի խնդիր, ինչը երիտասարդներին դժվարեցնում է նաև ներգրավվել և մասնակցել սոցիալական և տնտեսական կյանքին։

Չնայած նրան, որ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ երիտասարդները «1+4» ծրագրով ընդունվելու դեպքում Վրաստանի ԲՈւՀ-երում մեկ տարի ուսումնասիրում են վրաց լեզուն և հետագա մնացած տարիներին նույնպես սովորում են վրացերենով, վրացերենի թերի իմացության խնդիրը շատ երիտասարդների մոտ կա։ Նշենք, որ շատ թափուր աշխատատեղեր պետական լեզվի իմացությունից զատ պահանջում են նաև անգլերեն, սակայն, ինչպես նշում են այս երիտասարդներից շատերը, այն ժամանակը, որ ծախսում են վրացերենի ուսուցման համար, կարող էին ծախսել այլ լեզուներ սովորելու համար։

Վրաստանում գործազրկության մակարդակն այս պահին հասնում է 16,7%-ի։ Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության վերջին տվյալների՝ ներկայում Վրաստանում 1594,3 հազար աշխատունակ մարդ կա, որից 1327,4 հազարը տեղավորված են աշխատանքի, իսկ 266,9 հազարը՝ ոչ։

Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան հարաբերությունների կենտրոնի (CCIIR) ուսումնասիրությունը, որն իրականացվել է «1+4» ծրագրի շահառուների շրջանում, ցույց է տալիս, որ հարցվածների 50.8%-ը համարում է գործատուի կողմնակալությունը/բացասական վերաբերմունքը որպես իրենց զբաղվածության հիմնական մարտահրավերներից մեկը:   Հարցվածների 50.8%-ի կարծիքով իրենց աշխատանքի տեղավորման հիմնական մարտահրավերներից է նաև գործատուի կողմնակալ/բացասական վերաբերմունքը նրանց հանդեպ։ Իսկ հարցվածների 54%-ը պնդում է, որ աշխատանքի տեղավորման շուկայում էթնիկ փոքրամասնությունների համար արտոնություններ պետք է լինեն։

Էթնիկ փոքրամասնությունների աշխատանքային զբաղվածության նազելիությունը նկատելի է նաև պետական ծառայությունների մեջ։ Օրինակ Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետում, ըստ «Կանաչ Կովկաս» բնապահպանական և մարդու իրավունքների ոչ կառավարական կազմակերպության կատարած հետազոտության, էթնիկ փոքրամասնությունները կազմում են պետական ​​ծառայողների ընդամենը 17%-ը, մինչդեռ նրանք ներկայացնում են տարածաշրջանի 49%-ը:

Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ երիտասարդների աշխատանքի տեղավորման խնդիրների և կարիքների մասին «Ալիք Մեդիան» զրուցել է նաև «Ֆրեյա» միության հիմնադիր՝ Քեթի Մուրղուլիայի հետ։

«Պետությունը պարտավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել լեզվի չիմացության խնդրին և ավելի զարգացնել ու բարելավել «1+4» ծրագիրը, որը կնպաստի, էթնիկ փոքրամասնությունների աշխատանք գտնելուն։ Ինչպես նաև պետությունը էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ երիտասարդների համար կարող է ստեղծել ստաժավորման ծրագրեր պետական կառուցվածքներում, ինչի միջոցով նրանք ձեռք կբերեն փորձ և դա կօգտագործեն աշխատանք փնտրելիս։ Իսկ ուսանողները պետք է լինեն ավելի ակտիվ, կապ պահպանեն իրենց վրացի կուրսեցիների և դասախոսների հետ, որպեսզի ավելի ինֆորմացված լինեն և փորձեն գտնել տեղեկություններ նոր ու պահանջված մասնագիտությունների մասին», — նշում է Քեթի Մուրղուլիան։

Հեղինակ՝ Հասմիկ Պետրոսյան