«Պուտինի համբույրը». ֆիլմի ցուցադրություն-քննարկում Ախալցիխեում

Ապրիլի 24-ին «Մեդիա զարգացման հիմնադրամի» (MDF)  նախաձեռնությամբ Վրաստանի Ախալցիխե քաղաքի «Ախալցիխե Ինն» հյուրանոցում անցկացվել է «Պուտինի համբույրը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը:

Քննարկումը վարել է սցենարիստ Քեթի Դևդարիանին: «Պուտինի համբույրը» ֆիլմը դանիացի ռեժիսոր Լիսե Բիրկ Ֆեդերսենի ֆիլմն է, որը պատմում է Ռուսաստանում երիտասարդ ակտիվիստի կյանքի և նրա գիտակցության վերափոխման մասին։ Մաշա Դրոկովան 16 տարեկանում միացել է Կրեմլի հետ առնչություն ունեցող ազգային երիտասարդական «Նաշ» միությանը՝ շուտով սկսելով վերելք ապրել իր կարիերայում, թեև նրա հայացքները հետզհետո փոխվում են, երբ հայտնվում է քննադատ լրագրողների շրջանակում։

Հայտնի բլոգեր Օլեգ Կաշինի վրա դաժան հարձակումը արմատական ​​փոփոխություն է առաջացնում երիտասարդ ակտիվիստի հայացքներում։ Ֆիլմը 2012 թվականին «Սանդենս» կինոփառատոնում արժանացել է Համաշխարհային կինոյի մրցանակին (վավերագրական ժանրում):

Հանդիպումը կազմակերպվել էր «Խոսենք ժողովրդավարության մասին. DemDoc երիտասարդների համար» նախագծով, որն իրականացվում է MDF-ի կողմից՝ The WHY Foundation (TWF) հետ համագործակցությամբ և The New Democracy Fund-ի (NDF) աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Վրաստանի երիտասարդության ներգրավմանը ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական և կայուն զարգացման գործընթացներում:

Ի դեպ, ապրիլի 13-ին Վրաստանի Թեթրիծկղարո քաղաքի «Թեթրիծղկարոյի երիտասարդական կենտրոն»-ում կայացավ «Ես և Եվրոպան» վավերագրական  ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց ֆիլմի, Վրաստանի և եվրոպական արժեքների նմանությունների ու տարբերությունների մասին քննարկումը: «Ես և Եվրոպան» Գիորգի Քվելիձեի նկարահանած վավերագրական ֆիլմն է, որն ստեղծվել է Եվրամիության աջակցությամբ, միավորում է չորս պատմություն Վրաստանի 4 շրջաններում՝ Կախեթիում, Ռաճա-Լեչխումում, Գուրիայում և Իմերեթիում: Ֆիլմը պատմում է Վրաստանի և Եվրոպայի ընդհանուր արժեքների՝ բազմազանության, հավասարության, ազատության և ժողովրդավարության մասին, չորս անձի դիտանկյունից: