Վրաստանում ապաստան է հայցել 221 օտարերկրացի

2023 թվականի երրորդ եռամսյակի՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների տվյալներով, Վրաստանում որպես ապաստան հայցող է գրանցվել 221 օտարերկրացի, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալներից:

Այդ թվերից ամենաշատը՝ 50-ը, Իրանի, 34-ը՝ Թուրքիայի, 28-ը՝ Ուկրաինայի, 19-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են: Ապաստան հայցողների թվում կան նաև Եգիպտոսի, Ուզբեկստանի, Պակիստանի, Հնդկաստանի և Հորդանանի քաղաքացիներ։

Ինչ վերաբերում է հումանիտար կարգավիճակի տրամադրմանը, ապա նշված երեք ամիսների ընթացքում այս կարգավիճակը ստացել է օտարերկրյա 32 քաղաքացի, որոնց մեծամասնությունն Ուկրաինայի քաղաքացիներ են` 20, Սիրիայի` 6, Աֆղանստանի` 4, Էրիթրեայի 1, 1-ի քաղաքացիությունն էլ անհայտ է։ Փախստականի կարգավիճակ է շնորհվել օտարերկրացի 6 քաղաքացու. 3-ն Իրանից են, 1-ը՝ Թուրքիայից, 1-ը՝ Սիրիայից, 1-ի քաղաքացիությունը պարզված չէ։

Ըստ ՆԳՆ-ի վիճակագրության՝ տվյալ ժամանակահատվածում օտարերկրյա 83 քաղաքացու կարգավիճակի դիմումը մերժվել է։ Նրանց մեծ մասը՝ 22-ը, Թուրքիայի քաղաքացիներ են, 20-ը՝ Իրանի, 6-ը՝ Եգիպտոսի, 5-ը՝ Պակիստանի, 5-ը՝ Ռուսաստանի։

3 ամսում Վրաստանից արտաքսվել է այլ երկրների 52 քաղաքացի: Նրանց թվում են՝ Իրանի 10 քաղաքացի, Հնդկաստանի՝ 6, Պակիստանի՝ 5, Ռուսաստանի՝ 5 և Ադրբեջանի 4 քաղաքացի: