«Մասնիկներից ամբողջական պատկեր հավաքողը»` արվեստի մասին

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մարիա Խաչատուրյանը, մասնագիտությունից զատ, կարևորում է նաև արվեստը։ Ծալկայի Աշխալա գյուղի բնակչուհին նշում է՝ անչափ շատ եմ սիրում մասնագիտությունս, բայց փորձում եմ միայն դրանով չսահմանափակվել ու ինձ դրսևորել նաև այլ ոլորտներում։

«Նկարել սկսել եմ դպրոցական տարիքից։ Սկզբում նկարում էի բացառապես նկարչության դասաժամերին, իսկ հետագայում նաև տանը` ազատ ժամանակ։ Նկարչական կրթություն չունեմ։ Հատկանշական է, որ ժամանակի ընթացքում արվեստի այս ճյուղն սկսեց զարգանալ ինձ մոտ։ Առաջինը ծնողներս նկատեցին ու սկսեցին գովել, ինչն ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր դարձավ։ Հետագայում` հասարակ դասից ավելին դարձավ», — ասում է նա «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։

Նկարչության մրցույթների Մարիա Խաչատրյանը չի մասնակցել, ժամանակի սղության կամ այլ պատճառներով, և առաջինը, որ այս պահին ընթանում է` ԹՊՀ երիտասարդական կենտրոնի կազմակերպած մրցույթն է, որի շրջանակներում Մարիայի նկարն ընտրվել է 3 լավագույններից մեկը։

«Այս մրցույթի մասին տեղեկացա ԹՊՀ երտասարդական կենտրոնի անդամներից մեկի միջոցով ու հենց նրանից էլ ստացա մասնակցության առաջարկը։ Մասնակցելուս պատճառներից մեկն էլ հենց մրցույթի թեման էր` «Միասնությունը բազմազանության մեջ է», որն ինձ համար բավականին կարևոր թեմա է թե՛ առօրյա կյանքի, թե՛ մասնագիտական առումով։ Այդպիսով, որոշեցի միաժամանակ փորձել ուժերս մրցույթում ու կարևոր մեսիջ հասցնել հասարակությանը։ Նկարի էությունն այն է, որ մարդը` անկախ կրոնական, ռասսայական կամ էթնիկ պատկանելությունից, այս աշխարհի ընդհանրացված կերպարն է», — ասում է նա։

Մեկնաբանելով իր ստեղծագործությունը, Խաչատրյանն ընդգծում է՝  նկարում տեսնում ենք ամբողջական հավաքված փազլ, որի ամեն մի մասնիկը տարբեր էթնիկ և ազգային շերտի ներկայացուցիչներ են․

«Այդ մասնիկներն առանձին էլ գեղեցիկ են, բայց միայն միասին հավաքված են ստեղծում ամբողջական պատկեր։ Նույնն էլ կյանքում է. լինելով տարբեր «մասնիկներ»` միայն միասնական ուժերով կարող ենք առողջ հասարակություն ձևավորել, այսպիսով, նկարի հասցեատերը մարդն է` անկախ կրոնական, ռասսայական, ազգային կամ այլ պատկանելությունից»։

Մարիա Խաչատուրյանը նշում է` դեռահասության տարիքում հասկացա, որ նկարելու բուն պրոցեսից հաճույք եմ ստանում.

«Ինձ համար կարևոր էր նկարելու պրոցեսը, իհարկե` ուրախանում եմ, երբ վերջնարդյունքն էլ է գոհացուցիչ ստացվում, բայց ամեն դեպքում նոր բան ստեղծելը կամ թեկուզ արտանկարելու պրոցեսը ավելի եմ կարևորում։

Հետաքրքիր է ամեն դետալի վրա ուշադրություն դարձնելը, որը և՛ հանգստացնող, լիցքաթափող էֆեկտ է ունենում, և՛ ուշադրությունն է զարգացնում, սկսում ես տեսնել ու նկատել այն՝ ինչ ուրիշները չեն նկատում։ Սա արվեստի այն ճյուղն է, որով զբաղվելիս վստահ կարող եմ ասել` հանգստություն եմ գտնում ու հետագա գործերս շարունակելու ուժ»։

Նկարելը մեր զրուցակցի համար լիցքաթափվելու, նոր էներգիա ստանալու միջոց է․ «Շատ հաճախ նաև նկարում եմ դիմանկարներ ու նվիրում ընկերներիս, միշտ հաճելի է տեսնել իրենց արձագանքը, նաև` անկեղծ ժպիտներն ու գնահատականները (նաև քննադատությունները) միշտ մոտիվացնում են ինձ»։