Սեպտեմբերի 15-ին ուսումնական գործընթացը կսկսվի դասասենյակներում . ԿԳՄՍ փոխնախարար

Վրաստանի ԿԳՄՍ փոխնախարար Եկատերինա Դգեբուաձեի հայտարարությամբ՝ այսօրվա իրավիճակից ելնելով կարող ենք ասել, որ սեպտեմբերի 15-ին ուսումնական գործընթացը հնարավոր կլինի սկսել դասասենյակներում:

«Այսօրվա համաճարակաբանական իրավիճակից ելնելով կարող ենք ասել, որ նոր ուսումնական տարին դասասենյակներում կսկսվի սեպտեմբերի 15-ին։ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը աշակերտների համար կապահովի առավելագույն անվտանգ դասասենյակներ»- հայտարարել է Դգեբուաձեն։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես համագործակցում է Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ: Փոխնախարարի խոսքով՝ որոշումներ կայացնելիս հաշվի կառնվեն գերատեսչությունների հանձնարարականները, քանի որ ամեն ինչ կախված կլինի տվյալ պահի համաճարակաբանական իրավիճակից:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասել է, որ մտածում են կրթական խառը մեթոդ մշակելու ուղղությամբ, որը  բացի ստացիոնարից նախատեսում է նաև հեռավար կրթություն:

Վրաստանում ուսումնական տարին` «խառը» ռեժիմով