Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած ցուցարարները կպատժվեն

Կենտրոնական քրեական ոստիկանության գործակալության տնօրեն Թեիմուրազ Կուպատաձեն հայտնել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ուսումնասիրում է ոստիկանների նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք, և հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Կուպատաձեն նշել է՝ բողոքի ակցիայի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ-ի 58 աշխատակից, որոնցից 5-ը դեռևս գտնվում են տարբեր բուժհաստատություններում։ Ըստ նրա՝ լրատվամիջոցների հեռարձակումներից պարզ երևում է, թե ինչպես են ցույցի մասնակիցները այրվող առարկաներ, պիրոտեխնիկա կամ այսպես կոչված Մոլոտովի կոկտեյլներ նետում ՆԳՆ-ի աշխատակիցների վրա, ինչի հետևանքով նրանցից մի քանիսը ստացել են ծանր այրվածքներ։

«Ակնհայտ է, որ մարտի 7-ին և 8-ին Վրաստանի օրենսդիր մարմնի հարևանությամբ և Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ակցիան դուրս էր եկել օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից՝ վերածվելով բռնի գործողությունների։

Վճռականորեն հայտարարում եմ, որ չի թույլատրվում բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ, հարձակվել նրա վրա և բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ»,- ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցում ասել է Կուպատաձեն:

Ի դեպ, մարտի 7-9-ը ցույցի ցրման ժամանակ ՆԳՆ-ը ձերբակալել է 133 ցուցարարի, վերջիններս երեկ ազատ են արձակվել:

Հիշեցնենք՝ րոպեներ առաջ Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Տապալումից րոպեներ անց խորհրդարանից նիստն ավարտվեց: Օրենքի նախագծի տապալման մասին լուրը ողջունել են խորհրդարանի մոտ հավաքվածները՝ նշելով «Վրաստանը հաղթեց»:

Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը