«Լելո»-ն կվերացնի քաղաքական երկբևեռությունը․ Ջափարիձե

Ընդդիմադիր «Լելո»-ի առաջնորդներից Բադրի Ջափարիձեն ասել է, որ կուսակցության գլխավոր խնդիրը քաղաքական դաշտի երկբևեռության վերացումն է:

Ջափարիձեն «Քաղաքական տարածություն» թեմայով «Պալիտրանիուս»-ի եթերում կտրականապես դեմ է արտահայտվել այն հայտարարություններին, թե առանց «Միացյալ ազգային շարժման» ջանքերի` իշխող «Վրացական երազանքը» չի պարտվի։

Հաղորդավարը հիշեցրել է ընդդիմադիր գլխավոր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նորընտիր նախագահ Լևան Խաբեիշվիլիի մեկնաբանությունը, թե Բիձինա Իվանիշվիլիին (իշխող ուժի հիմնադիր, նախկին վարչապետ) հաղթելու բանալին միայն «Ազգային շարժման» ձեռքին է։

«Ես համամիտ չեմ այդ հայտարարությանը։ «Ազգային շարժման» և «Վրացական երազանքի» ստեղծած քաղաքական դաշտը, որը ենթադրում է երկբևեռություն, բացարձակապես բխում է «Վրացական երազանքի» շահերից», —  ասել է Ջափարիձեն։

Նրա խոսքով, «Լելո»-ի խնդիրը պարզ է՝ «չեզոքացնել առկա երկբևեռությունը»։