Շեղում եվրաինտեգրումից և հավաստի ինֆորմացիայի սահմանափակում. «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնությունը՝ փորձագետների տեսանկյունից

Եթե ​​Վրաստանի խորհրդարանն ընդունի «օտարերկրյա ազդեցության գործակալի» մասին օրենքը, դա կլինի արմատական ​​շեղում Վրաստանի եվրաինտեգրման գործընթացից, ինչը բացասաբար կանդրադառնա եվրոպական կառույցների ապագա ֆինանսական օգնության վրա: Ամփոփելով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարան ներկայացրած օրենքի նախագիծը՝ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում են վրացի վերլուծաբանները:

Վերլուծաբաններն այս քաղաքականությունը նմանեցրել են ռուսական տարբերակին, երբ  առաջին անգամ նմանօրինակ օրենք ընդունվեց և կիրառվեց Ռուսաստանի Դաշնությունում: Ըստ նրանց՝ Ռուսաստանում դա հանգեցրել է ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառույցների լիակատար ապամոնտաժմանն ​​ու կոռումպացված բռնապետության վերելքին, որն ուղեկցվում էր բազմաթիվ պատիժներով և անմեղ մարդկանց ազատազրկմամբ: Այս քաղաքականությունը տրամագծորեն հակասում է Եվրոպայում գոյություն ունեցող իրավական պրակտիկայի և ազատության ավանդույթներին։

Հարկ է նշել, որ օրենքը ներառում է այնպիսի սուբյեկտների եկամուտների ստուգում, ինչպիսիք են ՀԿ-ները, ԶԼՄ-ները և այլն:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց` եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունի այս օրենքի նախագիծը, ապա դա կխաթարի հասարակության ճշգրիտ տեղեկություն ստանալու հնարավորությունը, քանի որ առանց դրա էլ հասարակությունը ստանում է միայն քաղաքականացված տեղեկութուններ:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրեն հարմար տեղեկություն է մատուցում: Իսկ այս օրինագծի ընդունումից հետո հասարակությունը կզրկվի վերլուծական, բազմակողմանի մատուցված ինֆորմացիայից, ինչը վատ կանդրադառնա նրանց մտահորիզոնի վրա»,- նկատեց կոնֆլիկտաբանը:

Զաքարեիշվիլիի ընդգծմամբ` հասարակության համար միակ հավաստի ու վերլուծական տեղեկություն մատուցողները վերլուծաբաններն են, անկախ մեդիաներն ու ինչ-որ տեղ նաև հասարակական կազմակերպությունները, իսկ վերոնշյալ օրենքի նախագծով սահմանափակվում է նրանց գործուներությունը, ինչը, բնականաբար, վատ հետևանք կունենա: Նրա խոսքով, այս օրինագծի նպատակը հասարակությանը զրկելն է իրական տեղեկատվություն ստանալուց:

«Հասարակության համար կստեղծվի տեղեկատվության դեֆիցիտ, ինչն էլ կհանգեցնի ժողովրդավարական արժեքների տարածման խոչընդոտմանը»,- ասաց Զաքարեիշվիլին՝ հավելելով, որ այդ օրինագիծը ներկայացվել է հասարակության ռեակցիան ստուգելու նպատակով. եթե արձագանքը բացասական լինի, ապա «Վրացական երազանքը» կմերժի, իսկ հակառակի դեպքում` կընդունի անկասկած:

Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի (CEPS) հետազոտող Թինաթին Ախվլեդիանիի խոսքով, այդ օրենքի ընդունումն իրավական հիմք կստեղծի կառավարության համար՝ միջամտելու քաղաքացիական հասարակության գործունեությանը:

«Կառավարությունը կարող է միտումնավոր չարաշահել օրինական լիազորությունները՝ թիրախավորելու համար քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնք քննադատում են կառավարությանը: Վերջին տարիներին Վրաստանում տեղի են ունեցել ոչ ֆորմալ կառավարում, կոռուպցիա,  արդարադատության քաղաքականացում ու լրատվամիջոցների ազատության սահմանափակում: Այս ֆոնին հիշյալ օրենքի ընդունումը ավելի շատ կնպաստի պետության գրավմանը»,- ասել է Ախվլեդիանին:

Ըստ նրա՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարևոր դերը վրացական ժողովրդավարության կառուցման գործում, օրենքի ընդունումը լուրջ վտանգ կստեղծի վրացական ժողովրդավարության և, հետևաբար, Վրաստանի եվրոպական ապագայի համար։

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հրապարակած ուսումնասիրության համաձայն, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքն անհամատեղելի է ԵՄ իրավական համակարգի և արժեքների հետ։ Ըստ նրանց՝ Եվրամիության ոչ մի երկրում չկա օրենսդրություն, որը «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ է տալիս հասարակական կազմակերպություններին։

IDFI-ի գնահատմամբ՝ խորհրդարանական մեծամասնության անդամների կողմից «օտարերկրյա գործակալների» օրենքի հրապարակումը և նույնիսկ այդ հարցի քննարկումը զգալիորեն կխոչընդոտեն Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացին։

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»:

«Ժողովրդի ուժը» շարժումը ստեղծել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին. նրանց են միացել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին թիմակիցներ, հասարակական գործիչներ:

Վրաց քաղաքագետները շարժումն անվանել էին Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «նոր հիմնադրված քաղաքական ուժ», որն, ըստ նրանց՝ ավելի արմատական է լինելու: Փորձագետների գնահատմամբ, «Վրացական երազանք» կուսակցությունը չի բարձրաձայնում, թե ինչ է ցանկանում Իվանիշվիլին, սակայն դա անում են կուսակցությունը լքած պատգամավորները: