Բողոքի ցույցի կազմակերպիչների հայտարարությունը

Վրաստանի խորհրդարանի մոտ այս պահին բազամահազարանոց բողոքի ցույց է ընթանում: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստանի»-ի նկարահանող խումբը:

«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով բողոքի ցույցը կազմակերպել են հասարակական և մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչները, որին միացել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ ևս։

«Ռուսական օրենքի» ընդունման դեմ բողոքի ցույցի կազմակերպիչները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք անփոփոխ.

  1. Վրաստանի քաղաքացիների անսասան կամքն է ստեղծել ժողովրդավարական հասարակական ինստիտուտ, տնտեսական ազատություն, սոցիալական և իրավական պետություն, և մենք կտրականապես դեմ ենք Վրաստանի եվրոպական ուղու փոփոխությանը և ռազմավարական գործընկերների կորստին, ինչը կարող է լինել «ռուսական օրենքի» ընդունմամբ,
  2. Վրաստանի քաղաքացիներս համաձայն ենք, որ Վրաստանի խորհրդարանը հակասահմանադրական օրենքներ ընդունելու տեղը չէ։ Խորհրդարանը պարտավոր է ենթարկվել գերագույն օրենքին՝ Վրաստանի Սահմանադրությանը,
  3. Վրաստանի խորհրդարանի կողմից «ռուսական օրենքի» ընդունումը համարում ենք կառավարության կողմից սահմանադրական շրջանակներից դուրս գալ,
  4. Վրաստանի քաղաքացիներս թույլ չենք տա, որ ժողովրդավարությունը փոխարինվի հակասահմանադրական, ավտորիտար կառավարմամբ,
  5. այդ պատճառով՝ այսօր Հանրապետության հրապարակից երթով շարժվեցինք Վրաստանի խորհրդարանի ուղղությամբ,
  6. քաղաքացիներով կշրջափակենք Վրաստանի խորհրդարանը և շղթա կկապենք՝ որպես Վրաստանի քաղաքացիների միասնության խորհրդանիշ,
  7. մենք գիտենք, որ ապրիլի 29-ին իրենց պատրանքային աջակցությունը ցույց տալու համար իշխանությունը բռնի ուժով բերում է մեր համաքաղաքացիներին, որոնց մեծ մասը չի ցանկանում ընդունել «ռուսական օրենքը»,
  8. մենք գիտենք, որ ապրիլի 29-ին կառավարության կազմակերպած հանրահավաքին մասնակցող մեր քաղաքացիների մեծամասնությունը աջակցում է մեր պահանջներին՝ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»,
  9. մեր պահանջների թիրախը իշխանությունն է, ոչ թե ժողովուրդը, հետևաբար՝ մենք ոչ մի քայլ չենք անելու իշխանության ծրագրին աջակցելու և արհեստական հանրային առճակատման պատկեր ստեղծելու համար,
  10. ապրիլի 29-ի առավոտյան ժամը 9-ից բողոքելու ենք խորհրդարանում «ռուսական օրենքի» երկրորդ լսումների դեմ, սակայն չենք պատրաստվում առերեսման մեջ մտնել մեր համաքաղաքացիների հետ, որոնց կառավարությունը հավաքելու է խորհրդարանի մոտ,
  11. մենք կառավարությանը կտրականապես հորդորում ենք վաղը՝ ապրիլի 29-ին, օրենքի երկրորդ ընթերցման լիագումար նիստ չնշանակել,
  12. իշխանությունը պետք է գիտակցի, որ լիագումար նիստի երկրորդ ընթերցման ժամանակ մենք կունենանք կոնկրետ պլան և վայրեր, որտեղ կկանչենք քաղաքացիներին հավաքվելու՝ դիմակայելու Վրաստանի սահմանադրական կառույցի և արտաքին կուրսի փոփոխման ինքնագործ արկածախնդրությանը,
  13. ուժը միասնության մեջ է,
  14. կեցցե՛ անկախ, միացյալ, ազատ Վրաստանը,
  15. այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին:

«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին». հանրահավաք Թբիլիսիում