Պարիսպ, որը փլուզվում է. ինչպե՞ս են հայ և ադրբեջանցի ուսանողները դասի նստում միևնույն գրասեղանին

34-ամյա Ուլվիա Քարիմովան լրագրող է Բաքվից: Նա Թբիլիսի է եկել սեպտեմբերի 18-ին՝ 6-ամյա դստեր՝ Զառայի հետ։

Զառան դպրոց սկսել է հաճախել Թբիլիսիում, և հենց այստեղ Ուլվիան իր կյանքում առաջին անգամ հանդիպել է ազգությամբ հայի: Ուլվիան մասնագիտությամբ թարգմանիչ է։ Բակալավրի որակավորում է ստացել Բաքվի «Խազար» համալսարանում, սակայն հետաքրքրվել է լրագրությամբ և այժմ սովորում է մուլտիմեդիա լրագրություն և մեդիա կառավարում՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում GIPA (Georgian Institute of Public Affairs)։ Քարիմովան պատմում է, որ միշտ մտածում էր, թե հայերը բարի չեն, արնախում են, և երբ պատրաստվում էր գալ Վրաստան՝ մտածում էր միայն 6-ամյա աղջկա մասին, որը նույնպես պետք է այստեղ սովորեր։ 

Ուլվիա Քարիմովա

«Զառայի դպրոց գնալու առաջին օրը նրա դասարանցիների ծնողներից մեկը մոտեցավ ինձ, հարցրեց անունս, որտեղից եմ և առաջարկեց իր օգնությունը՝ գտնելու աղջկաս անհրաժեշտ գրքերից մեկը։ Հետո նա ինձ օգնեց նաև բնակարան գտնելու հարցում: Կնոջ ազգությունը չգիտեի, քանի որ դպրոցում կային ռուսներ, վրացիներ, հայեր, նույնիսկ չինացիներ: Մի քանի օր անց նրան հարցրի թե որտեղի՞ց է: Երբ նա պատասխանեց, որ հայ է, չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի այդ պահին, մի պահ քարացել էի, սարսուռ անցավ մարմնովս», — պատմում է Քարիմովան: 

Իր կարծիքով՝ 2020 թվականին տեղի ունեցած Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո շատ բան է փոխվել և հույս ունի, որ հայերն ու ադրբեջանցիները երբևէ կկարողանան խաղաղ և ընկերական միջավայրում ապրել միասին: 

Ի տարբերություն Ուլվիայի, նրա կուրսեցի 29-ամյա Միքայել Փամբուխչյանը մինչ այս էլ  հնարավորություն է ունեցել անձամբ հանդիպել ադրբեջանցիների հետ, թեև դեռևս կարծում է, որ Վրաստան գալու իր որոշումը մեծ մարտահրավեր էր:

Միքայելը Երևանից է, մասնագիտությամբ քաղաքագետ, լրագրությունն ընտրել է,  «որովհետև այն ավելի շատ է փոխկապակցված քաղաքականության հետ»: Լրագրությամբ սկսել է զբաղվել «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում, որտեղ լինելով կամավորական, գրում էր ուսանողների խնդիրների մասին: GIPA եկել է՝ բարելավելու գիտելիքներն ու հմտությունները: 

Փամբուխչյանի պատմելով իրենց դասերը սկսել են հենց պատերազմի տարելիցի օրը և հիշում է, որ հենց առաջին դասին շատ լարված է եղել՝ մտավախությամբ, որ որևէ սադրանք կարող է լինել ադրբեջանցիների կողմից: 

«Մի անգամ, երբ քայլում էինք Թբիլիսիում, մեր ադրբեջանցի համակուրսեցին տեսավ մեզ, մոտեցավ, բարևեց, փաթաթվեց ու սկսեցինք խոսել: Իր գնալուց հետո ճանապարհը շարունակեցինք, բայց արդեն ուրիշ կերպ… Մեջս խառնվեց ամեն ինչ, մտածում էի ո՞նց կարող է ադրբեջանցին էդպես բարևի ու ինքը գա խոսի հայի հետ», — պատմում է Փամբուխչյանը: 

Միքայելի խոսքերով՝ Թբիլիսի գալուց հետո շատ բան է փոխվել: Նրա համոզմամբ «թշնամության» ընկալումը գալիս է նաև հանրային տարածքից:

«Հայաստանում, եթե դու ադրբեջանցու հետ շփվում ես, քո քայլերը, քեզ, ուրիշ ձև են ընկալում, նույնիսկ  որպես դավադրություն կամ ինչ-որ դավաճանություն են տեսնում»:

Միքայելի եւ Ուլվիայի պես, GIPA-ն այս տարի հյուրընկալել է ընդհանուր առմամբ 11 ուսանողի, 6-ը՝ Ադրբեջանից, 5-ը՝ Հայաստանից։ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը շուրջ 20 տարի է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատների ֆինանսական աջակցությամբ հայ և ադրբեջանցի կրթաթոշակառուներին միասին Թբիլիսիում մուլտիմեդիա լրագրություն և մեդիա մենեջմենթ սովորելու հնարավորություն է տալիս՝ տրամադրելով լրագրողական և կառավարման գիտելիքներ ու հմտություններ՝ ժամանակակից մուլտիմեդիա միջավայրին պատրաստվելու համար: 

2021 թվականին, չնայած հետպատերազմյան շրջանին, Վրաստան եկավ այնքան ուսանող, որքան նախատեսված էր կրթաթոշակ ստանալու համար: Իսկ մագիստրոսի կոչում ստացել են 5 հայ և 3 ադրբեջանցի ուսանողներ:

Խնդիրն այլ էր 2020 թվականին, երբ համալսարանի առաջին դասը եղավ սեպտեմբերի 28-ին, պատերազմի սկզբից մեկ օր անց: 

Նինո Իվանիշվիլի

«Ամենադժվարը նախորդ տարին էր, երբ պատերազմն ընթացքի մեջ էր, պատերազմի և ուսումնական տարվա մեկնարկը միաժամանակ եղան։ Ո՛չ ուսանողների, ո՛չ դասախոսների համար հեշտ չէր նման դեպքերում գործել։ Բայց կուտակված փորձը, որը մենք ունենք, թույլ է տալիս յուրովի մոտեցում ցուցաբերել ուսանողներին: Այն ուսանողները, որոնք գալիս են մեզ մոտ՝ արդեն պատրաստ են այն ամենին, ինչին կհանդիպեն GIPA-ի  լսարանում»,- ասում է GIPA-ի «Մուլտիմեդիա լրագրություն և մեդիա մենեջմենտ» ֆակուլտետի դեկան Նինո Իվանիշվիլին: 

Իվանիշվիլիի խոսքով, ծրագրի նախաձեռնությունն ի սկզբանե եղել է տարածաշրջանում ստեղծել դասընթաց, որը կօգնի ոչ միայն Վրաստանի, այլ նաև տարածաշրջանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ուսանողներին ծանոթանալ արևմտյան լրագրության դպրոցների կողմից կիրառվող մեթոդաբանությանը: Նրա համոզմամբ, սա լավագույն պրակտիկան է:

Հակամարտող երկրների ուսանողների համար սովորաբար դժվար է հանդիպել հակառակ երկրի ներկայացուցչին և երկու տարի սովորել նրանց հետ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել, և, ինչպես պատմում են կրթաթոշակառուները, նրանցից շատերը վախեր ունեն պատերազմի հակառակորդ երկրների համակուրսեցիների հետ հանդիպելուց առաջ։

Աննա Զուրաբյան

Աննա Զուրաբյանը մեկն էր այն երեք ուսանողներից, ովքեր Վրաստան եկան հենց պատերազմի շրջանում: Զուրաբյանը 22 տարեկան է: Սովորել է Բրյուսովի անվան համալսարանի լրագրության և միջմշակութային հարաբերությունների բաժնում: Բակալավրիատն ավարտելուց անմիջապես հետո դիմել է GIPA: 

«Առաջին օրերը շատ սթրեսային էին, նույնիսկ չէի ուզում համակարգչի տեսախցիկը միացնել (դասերն օնլայն էին անցկացվում-խմբ.), ու անընդհատ ասում էի, վայ էլի էս ադրբեջանցիները միացան ու ահն անընդհատ ներսումս կար»,- պատմում է Զուրաբյանը: 

Չնայած պատերազմական լարված իրավիճակին, Զուրաբյանը կարծում է, որ հենց դասերն ու ադրբեջանցիների հետ շփումներն են օգնել հաղթահարել իր ներսի լարվածությունը։

Կուրսեցիների մասին Զուրաբյանը դրական է արտահայտվում՝ հիշելով, որ անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով Թբիլիսիում անցկացրել է ընդամենը երկու ամիս, սակայն անգամ այդ ժամանակահատվածում մշտապես կապի մեջ է եղել ադրբեջանցի կուրսեցիների հետ. պարբերաբար հավաքվել են ընկերական միջավայրում։

«Վախ ասածը չկար ինձ մոտ, բայց քանի որ մինչ այդ շփում չէի ունեցել ադրբեջանցիների հետ, մտածում էի, թե ո՞նց պետք ա ճիշտ հարաբերություններ ստեղծել ու ոնց պետք ա սթրեսային միջավայր չստեղծել: Դաստիարակությունը միշտ եղել է իմ ընտանիքում, որ պետք չի ազգության վրա հիմնվել, այլ ճանաչել մարդուն որպես անհատի»,-ասում է Զուրաբյանը: 

2020 թվականին GIPA-ի կրթաթոշակառու դարձած 5 հայաստանցի ուսանողներից երկուսը, պատերազմի հետևանքով չեն մասնակցել ծրագրին․

Ուսանողներից մեկը Արցախից էր, մյուսը՝ լրագրող էր, ով պատերազմն էր լուսաբանում և առաջին ամիսներին բացակայելու պատճառով այդպես էլ չի մասնակցել դասերին: 

Հեյդար Իսաևը 25 տարեկան է: Իսաևը նույնպես ուսանող էր պատերազմի օրերին և հիշում է, թե ինչպես էր համակուրսեցիների հետ միասին քննարկում թե՜ հայկական, և թե՜ ադրբեջանական կողմի ագրեսիաները: 

Հեյդար Իսաև

Մինչ GIPA գալը Իսաևը սովորել է հանրային կապերի բաժնում, իսկ հայերի առաջին անգամ հանդիպել է հենց դասերի ընթացքում:

«Ընկերներիցս մեկը մի անգամ պատմեց, թե ինչպես էին 5 տարի առաջ ապրիլյան պատերազմի մասնակից իր եղբորից լուրի սպասում, երբ 4 օր տեղեկություն չունեին նրանից: Սա լսելուց հետո հասկացա, որ նույնիսկ մեր ցավերն են նման, մենք որպես ժողովուրդներ շատ նման ենք միմյանց»,- ասում է Իսաևը:

Հեյդարի պատմելով պատերազմի ընթացքում հարաբերությունները լարված էին համակուրսեցիների միջև, սակայն ոչ բոլորի հետ: 

«Միակ ցավալի փաստն այն է, որ երկու ազգերն էլ աջակցում են իրենց երկրներին և մեղադրում հակառակորդ կողմերին։ Նրանք հաճախ չեն տեսնում, որ նույն բանը տեղի է ունենում նաև մյուս կողմում, և երբ ընկերս ինձ լուրեր էր ուղարկում ադրբեջանցի սպանվածների կամ խաղաղ բնակիչների վրա հարձակման մասին, նրանք չէին գիտակցում, որ նույնը կատարվում էր հայերի մոտ»,-ասում է Իսաևը:

2020 թվականի Ղարաբաղյան հակամարտության հետևանքով հայ-ադրբեջանական հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին: 

Սաիդ Բաբազադե

Սաիդ Բաբազադեն GIPA է դիմել 2018 թվականին: 30-ամյա լրագրողը ծրագրին մասնակցելուց առաջ ևս գիտեր, որ պետք է սովորեր ազգությամբ հայ, Հայաստանից ժամանած ուսանողների հետ: 

«Իհարկե, ես գիտեի, որ հայեր կլինեն, և դա ինձ համար խնդիր չէր, ընդհակառակը, հայերին հասկանալու հնարավորություն էր, մի քիչ դժվար էր, որովհետև  ենթագիտակցորեն հայի պատկերներ ունես, բացի այդ, ես մանկության տրավմաներ եմ ունեցել, պատերազմի պատճառով կորցրել եմ ինձ շատ սիրելի մարդու: Բայց ժամանակի հետ հասկանում ես, որ պետք է հարգես և հասկանաս մյուս կողմի տեսակետը: Մինչ օրս հիանալի հարաբերություններ ունեմ հայ համակուրսեցիներից շատերի հետ, երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել նրանցից որևէ մեկի հետ»,- ասում է Բաբազադեն:

Չնայած մինչև նախագծին դիմելը, հարցազրույցի ժամանակ մասնակիցներին տրվում է հարց, թե՝ ինչպե՞ս են վերաբերվում հակառակ կողմի ներկայացուցիչներին՝ պատրա՞ստ են նրանց հետ միասին մի կուրսում սովորել, նրանցից շատերի համար միևնույն է մեծ մարտահրավեր է: 

Արուսի համար ևս ադրբեջանցիների հետ միասին մի տեղում սովորելը, բավականին բարդ էր թվում: 

Արուս Հակոբյան

Արուս Հակոբյանը GIPA-ում սովորել է 2015-17թթ․ այժմ լրագրող է։ Նա նույնպես գիտակցում էր, որ Թբիլիսի մեկնելուց հետո պետք է սովորեր տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների՝ այդ թվում ադրբեջանցիների հետ: 

«Անգամ ընտանիքիս անդամներն էին մտահոգություններ հայտնում, թե ինչպե՞ս եմ սովորելու ադրբեջանցի ուսանողների հետ, սակայն այլ շրջանավարտների փորձը հաշվի առնելով գիտեի, որ ոչ մի վտանգավոր բան չկար և ինքս որոշեցի գնալ»,- ասում է Հակոբյանը: 

Նա որոշել էր, որ անկախ ամեն ինչից որևէ կոնֆլիկտի չպետք է առնչվեր: Սակայն այնուամենայնիվ որոշ անհամաձայնություններ 5 տարի առաջ ևս եղել են տարբեր հարցերի շուրջ, և դրանք լուծվել են նրանով, որ երկու կողմի երիտասարդներն էլ հասկացել են, «մեր վեճերով մեր կոնֆլիկտներով որևէ քաղաքական, միջպետական հարց չի լուծվելու և որևէ քաղաքական որոշում մեզնից կախված չէր»:

Հեղինակ՝ Ռիմա Մարանգոզյան