Օկուպացիոն ուժերը շարունակում են «սահմանագծումը»

Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Խուրվալեթի գյուղի մերձակա օկուպացված տարածքում վերսկսել են ապօրինի, այսպես կոչված` սահմանագծման գործընթացը, որը սկսվել է 2022 թվականին։

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ տեղադրվել են մետաղյա սյուներ և լարեր:

Ըստ ՊԱԾ-ի՝ միջադեպի առնչությամբ անմիջապես միացվել է թեժ գիծը, և տեղեկացվել են Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ու Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները։

Ի դեպ, Գորիի մունիցիպալիտետի Խուրվալեթի գյուղի շրջակայքում օկուպացիոն ուժերի վերջին ակտիվությունը նկատվել էր 2022 թվականի ամռանը, երբ գյուղը շրջապատող լեռնաշղթայի վրա կառուցվեցին նոր ինժեներական կառույցներ։

Հիշեցնենք՝ 2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմի հետևանքով Վրաստանը կորցրեց վերահսկողությունը 189 գյուղերի նկատմամբ, որոնցից 125-ը մինչ օրս գտնվում են ռուսական օկուպացիոն ռեժիմի ներքո։