Ընդդիմադիրներին թույլ չեն տվել մտնել Իվանիշվիլիի հայրենի գյուղ

Ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ակտիվիստներին և լրագրողներին մտնել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հայրենի Ճորվիլա գյուղ:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերին 19-ին, այն բանից հետո, երբ անազատության մեջ գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ՝ Սաակաշվիլիի գրասենյակը ղեկավարող Սոփո Ջափարիձեի գլխավորությամբ, Թբիլիսիից երթով շարժվել են դեպի Ճորվիլա, ըստ ակտիվիստների՝ Վրաստանում «օլիգարխիկ կառավարման» դեմ բողոքելու։

Ըստ տեղեկությունների՝ գյուղ մուտքի սահմանափակմանը մասնակցել են նաև «Վրացական երազանքի» կողմնակիցները։

«Բիձինա Իվանիշվիլին ռուս օլիգարխ է, որը ոչ պաշտոնական կերպով կառավարում է այս երկիրը, և նրան պետք է հաղթել»,- հանրահավաքում հայտարարել է Սաակաշվիլիի կողմնակիցներից Գիորգի Մումլաձեն։

Նշվում է նաև, որ տեղի բնակիչներն ու Իվանիշվիլիի կողմնակիցները ձվեր ու քարեր են նետել ՄԱՇ ակտիվիստների ուղղությամբ։