Մառնեուլիի կամրջի վերականգնումը սահմանված ժամկետում չի ավարտվի

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցում չորս ամիս է ընթանում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքը։ Աշխատանքներն իրականացնում է «Իրլանի» ՍՊԸ-ն, արժեքը կազմում է 1 մլն 878 հազար 333 լարի:

Մառնեուլիի քաղաքապետարանի և «Իրլանի» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն` Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրումից 5 ամսվա ընթացքում։

«Իրլանի» ՍՊԸ-ի կողմից Մառնեուլիի քաղաքապետարանին գրված նամակից պարզ է դառնում, որ կամրջի վերականգնման աշխատանքները հնարավոր չէ ավարտել սահմանված ժամկետում։ Ընկերությունը քաղաքապետարան է ուղարկել խնդիրների ցանկը, ինչի պատճառով անհրաժեշտ կլինի երկարաձգել աշխատանքների ավարտի ժամկետը։

«Իրլանի» ՍՊԸ-ի տնօրեն Գիորգի Ցագարեիշվիլիի՝ Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին ուղարկած նամակում նշվում է, որ վերականգնման աշխատանքների սկզբից ի վեր խոչընդոտող հանգամանքներ են առաջացել, որոնք խանգարում են ընկերությանն աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել։ Ցագարեիշվիլին ներկայացրել է 7 պատճառ:

Ի դեպ, կամրջի վերականգնման գումարի 95 տոկոսը տրամադրվել է կենտրոնական բյուջեից, իսկ 5 տոկոսը՝ տեղական ինքնակառավարման միջոցներից։ Վերականգնման նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքները։