«Պետք է հրաժարական տա». հոսանքահարված աղջնակի մահվան համար ընդդիմությունը քաղաքապետին է մեղադրում

Թբիլիսիի Վակեի այգու շատրվանների ավազանում հոսանքահարված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլիի կարծիքով՝ Կախա Կալաձեն պետք է կրի պատահարի պատասխանատվությունը։

«Հիմա լռությունը հանցագործություն է։ Հանցագործություն է, քանի որ տասնյակ միլիոնավոր լարի են ծախսում կոռուպցիոն ճանապարհով և միայն ավելի շատ փող աշխատելու համար թքած ունեն մեր երեխաների առողջության վրա։ Իմ երեխաներն էլ են քայլում հրապարակներով, երեխաներս էլ են խաղում, ու այսօր արդեն ոչ մի տեղ ապահով չէ», — ասել է Խաբեիշվիլին։

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ծերեթելին ընդգծել է, որ անհրաժեշտ է պատահարի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնել։

«Չեմ կարող ասել, որ դա կարող է պատահականություն լինել։ Սա ինչ-որ բանի հետևանք է, և մինչ մենք ցավակցում ենք ընտանիքին, իհարկե` ոչ ոք չպետք է մոռանա, որ դրա համար կոնկրետ պատասխանատուներ կան»,- ասել է Ծերեթելին։

Միջադեպին արձագանքել է  նաև Հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Խաթունա Սամնիձեն` գրելով. «Նա պետք է հրաժարական տա»:

Շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են

Հոսանքահարված 13-ամյա աղջիկը մահացել է. իշխանությունների արձագանքը

ԿԳ նախարարը ցավակցել է մահացած աշակերտի ընտանիքին