Հոսանքահարված 13-ամյա աղջիկը մահացել է. իշխանությունների արձագանքը

Թբիլիսիի Վակեի այգու շատրվանների ավազանում հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով դեռահասի մահվան փաստին, հայտարարել է, որ ողբերգության պատճառները կպարզվեն, և ամենախիստ արձագանքը կտրվի։

Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել մահացած դեռահասի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

«Դժվար է բառեր գտնել՝ արտահայտելու համար այն սրտի ցավը, որն ապրում եմ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Այս ամենադժվար պահերին ես ամբողջ սրտով կիսում եմ հանգուցյալի ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների վիշտը»,- ասել է վարչապետը:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ընդգծել է, որ դեպքը կհետաքննվի, և բոլոր մեղավորները կպատժվեն ըստ օրենքի:

«Սա լրջագույն խնդիր է, մենք շոկի մեջ ենք, ինչ վերաբերում է հետաքննությանը, բոլոր գերատեսչությունները ներգրավված են, և պարզ է, որ բոլորը կպատժվեն ըստ օրենքի: Բոլորս հուզված ենք, սա մեծ պատասխանատվություն է բոլորիս համար»,- ասել է քաղաքապետը։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), երեխաները տեղափոխվել են կլինիկա։ ՆԳՆ-ից հայտնել են, որ այս կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Ի դեպ, վերականգնված շատրվանը, որտեղ երեխաները հոսանքահարվել են, բացվել է նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, մերձակայքում գտնվող փոքրիկ կասկադի հետ միասին։

Շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են