Վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է. Ադրբեջանի վարչապետը՝ Ղարիբաշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Նամակում նշվում է, որ «Ադրբեջանը և Վրաստանը պատմականորեն ամուր բարեկամություն և բարիդրացիական հարաբերություններ» ունեն, և առկա համագործակցությունը կշարունակի ծառայել ադրբեջանա-վրացական հարաբերությունների զարգացմանը։

«Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ՝ Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և փոխանցել իմ լավագույն մաղթանքները։ Ադրբեջանին և Վրաստանին կապում են պատմական ամուր բարեկամությունը և բարիդրացիական հարաբերությունները։ Այսօր մեր պետությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները հիմնված են այս մեծ ավանդույթներին հավատարիմ մեր ժողովուրդների կամքի վրա»,-ասված է շնորհավորական ուղերձում։

Ադրբեջանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև լայնածավալ համատեղ նախագծերն ու համագործակցությունը որպես ռազմավարական գործընկերություն, որն օրեցօր ընդլայնվում է, կշարունակի ծառայել ադրբեջանա-վրացական հարաբերությունների զարգացմանը և երկու ժողովուրդների բարօրությանը։

«Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպման և անկեղծ քննարկումների: Վստահ եմ, որ միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում ընդունված որոշումների իրականացումը և ձեռք բերված պայմանավորվածությունն էլ ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները։

Այս նշանավոր օրը մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ բարեկամ վրաց ժողովրդին՝ հավերժ խաղաղություն և բարօրություն»,- ասված է շնորհավորական նամակում։