Հանդիպում Գերմանիայի բողոքական եկեղեցիների միության պատվիրակության հետ

Ապրիլի 29-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել են Գերմանիայի Լյութերական եկեղեցու Ստորին Սաքսոնիա երկրամասի եպիսկոպոս, Գերմանիայի բողոքական եկեղեցիների միության նախագահ Ռալֆ Մայսթերի գլխավորած պատվիրակությանը։

Վրաստանում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում էին Գերմանիայի տարբեր քաղաքների Լյութերական եկեղեցիների հոգևոր հովիվներ և թեմական առաջնորդներ։

«Վիրահայոց թեմի առաջնորդը հյուրերին ներկայացրեց թեմի պատմությունը, կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները։ Իր խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձավ հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա կապերին և փոխառնչություններին, ինչպես նաև Հայաստան-Վրաստան ներկայիս սերտ և բազմաոլորտ փոխգործակցությանը»,- հայտնել են դեսպանությունից: