Խոնարհում Հովհաննես Թումանյանի հիշատակին

Փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, այցելություն և ծաղիկների խոնարհում կիրականացվի Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Հաղորդագրության համաձայն, ժամը 13:00-ին Թբիլիսիի Մեծաց մեծերի պանթեոնում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ.Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ, կկատարվի հոգեհանգստյան կարգ Հովհաննես Թումանյանի հոգու խաղաղության համար:

Ժամը 15:00-ին Մեծ բանաստեղծի նախկին թբիլիսյան բնակարանում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին նվիրված «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը, որից հետո «Հովհաննես Թումանյանը և Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը» բանախոսությամբ հանդես կգա արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:

«Թումանյանական շնչով տոգորված օրը կկայանա նաև Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը:

Երջանկահիշատակ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի կողմից վիրահայության շրջանում ներդրված երջանկահիշատակ գրող Լևոն Անանյանի նախաձեռնած միմյանց գիրք նվիրելու ավանդական արարողությունը կիրականացվի թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոնում, իսկ «Թիֆլիսյան հետքերով» ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 27-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում այս օրը 2008-ից համարվում է նաև գիրք նվիրելու օր, իսկ այս ավանդույթը Թբիլիսի է բերել է վաղամեռիկ թբիլիսահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը։

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Դսեղում։

Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլուի (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը։