Հուլիսի 6-8-ը Թբիլիսիում կանցկացվի մնջախաղի միջազգային փառատոնը

Այս տարի հուլիսի 6-8-ը Թբիլիսիում կանցկացվի մնջախաղի միջազգային փառատոնը: Փառատոնը ներառում է տարբեր մնջախաղային ժանրեր, այդ թվում պանտոմիմա և պլաստիկ պարեր: Փառատոնը կրում է Վրաստանում մնջախաղի արվեստի հիմնադրի՝ Ամիրան Շալիկաշվիլու անունը: Հենց Շալիկաշվիլու անվան թատրոնում էլ (Շոթա Ռուսթավելի պողոտա, 37) կանցկացվի փառատոնը:

Տեղի կունենան արվեստի ցուցահանդեսներ, հանրային դասախոսություններ,  մնջախաղային և երաժշտական ներկայացումներ, տարատեսակ շոուներ:

Փառատոնի առաջին օրը՝ հուլիսի 6-ին, փառատոնի հյուրերը կկարողանան դիտել նկարիչ Գիորգի Շենգելիայի ստեղծագործությունները,  ներկա գտնվել երաժիշտ «Սպիլո»-ի և մնջախաղի թատրոնի համերգին, դիտել The Old Man and Sea պիեսի պրեմիերան:

Երկրորդ օրը՝ հուլիսի 7-ին, նախատեսվում է ռեժիսոր Գոգի Օսեփաշվիլու դասախոսությունը: Մնջախաղի թատրոնը շոու կներկայացնի կենդանի կատարմամբ էլեկտրոնային երաժշտության ներքո։

Հուլիսի 8-ին նախատեսվում է հայտնի վրացի նկարիչ Ռուսուդան Պետվիաշվիլիի ցուցահանդեսը, թատրոնի դասախոս Նիկոլոզ Ծուլուկիձեի հանրային դասախոսությունը, ռեժիսորներ Ամիրան Շալիկաշվիլու և Մարսել Մարսոյի գրքի ներկայացումը և երաժշտական երեկո Կախա Բակուրաձեի հետ:

Ամիրան Շալիկաշվիլու անվան մնջախաղի միջազգային փառատոնը հիմնադրվել է Վրաստանում, 2015 թվականին: Այս ժամանակահատվածում փառատոնին մասնակցել են Իսպանիայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Իսրայելից, Ադրբեջանից և այլ երկրներից ժամանած թատերախմբեր: Արդեն երրորդ տարին անընդմեջ փառատոնն անց է կացվում Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնի հետ կապված այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ փառատոնի ֆեյսբուքյան էջում:

Թողնել պատասխան