Մեծ Բրիտանիայի կառավարության Չիվնինգ (Chevening) կրթաթոշակային ծրագրի այս տարվա 5 հաղթողներից մեկը` թբիլիսահայ Էդգար Բրուտյանն է։ Նա մեկնել է Լոնդոն՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում (LSE) մագիստրոսական կրթություն ստանալու։
Ծրագրի շրջանակներում այս տարի Վրաստանից ընդամենը 5 հոգի է հնարավորություն ստացել ամբողջովին անվճար սովորել Մեծ Բրիտանիայում, 3-ը ստացել են Վրաստանի բանկի ֆինանսական աջակցությունը, իսկ 2 հոգի, այդ թվում Էդգար Բրուտյանը, ստացել են Մեծ Բրիտանիայի կառավարության կրթաթոշակը:
«Այս տարի երրորդ անգամ դիմեցի և հաղթեցի»,– ասում է նա՝ նշելով, որ այս տարվա մրցույթը հատկապես բարդ էր, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կրճատել էր ծրագրի ֆինանսավորումը ամբողջ աշխարհում։
«Լոնդոնում սովորելու եմ, թե ինչպես կառավարել նորարարական նախագծերը, ինչպես իրականացնել դրանք և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներում, ինչպես հաշվարկել դրանց արժեքը և ստեղծել այնպիսի համակարգեր, որոնցից հասարակությունն ու երկիրը կարող են օգտվել: Իմ ընտրած կրթական ուղղությունը կենտրոնացած է տնտեսագիտության, կառավարման և նորարարական նախագծերի իրականացման վրա»,– ասում է նա։
Էդգարի մասնագիտական ճանապարհը սկսվել է միջազգային հարաբերություններից, սակայն տարիների ընթացքում նրա հետաքրքրությունները աստիճանաբար տեղափոխվել են թվային կառավարման, նորարարությունների և բիզնեսի ոլորտ.
«Համալսարանի տարիներին հնարավորություն եմ ունեցել կրթություն ստանալ նաև արտերկրում` Էստոնիայում և Շվեդիայում: Այնտեղ կենտրոնացա թվային կառավարման վրա, իսկ հետո աստիճանաբար տեղափոխվեցի կառավարման և բիզնեսի ուղղություն:
Այսօր նա աշխատում եմ Վրաստանի Բանկում՝ որպես ներդրումների գործընկեր, որտեղ, իմ պաշտոնի հիմնական առաքելություններից մեկը գեներատիվ և գործակալահենք արհեստական բանականության լուծումների ներդրման ու կիրառման ղեկավարումն է։ Այս պաշտոնը որպես ներդրման գործընկեր նշանակում է ղեկավարել գեներատիվ արհեստական բանականության ներդրումն ու տեղակայումը Վրաստանի Բանկում»,– ասում է Բրուտյանը:
Էդգարի համար այս կրթությունը միայն անձնական կարիերայի հաջորդ քայլը չէ։ Նրա խոսքով՝ իր նպատակն է ձեռք բերած գիտելիքները կիրառել Վրաստանում և նպաստել այնպիսի ոլորտների զարգացմանը, որոնք դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն։
«Մեր երկրում այս ուղղությունը դեռ բավականաչափ զարգացած չէ։ Վրաստանում նման քաղաքականության և կառավարման մշակույթի կարիք կա, և ես գնում եմ Լոնդոն՝ սովորելու, որպեսզի հետագայում այդ գիտելիքները բերեմ Վրաստան և նպաստեմ ոլորտի զարգացմանը»,– ասում է նա։
Բրուտյանի պատմության մեջ, սակայն, ամենակարևոր բաղադրիչներից մեկը ոչ միայն կրթական հաջողությունն է, այլև տարիների ընթացքում չհանձնվելու գաղափարը.
«Երիտասարդներին խորհուրդ կտայի երբեք չհանձնվել և հետևել իրենց երազանքներին։ Իմ երազանքն էր սովորել Լոնդոնում, և ես դրա համար շարունակեցի փորձել»:
Նշենք, որ Չիվնինգը Մեծ Բրիտանիայի կառավարության միջազգային կրթաթոշակային ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս ապագա առաջնորդներին մեկ տարի սովորել Միացյալ Թագավորության համալսարաններից մեկում՝ ամբողջությամբ ֆինանսավորվող կրթաթոշակով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի արտաքին, համագործակցության և զարգացման հարցերի նախարարության (FCDO) և գործընկեր կազմակերպությունների կողմից։
Չիվնինգի ամբողջական կրթաթոշակը ներառում է ուսման վարձը, դեպի Մեծ Բրիտանիա և վերադարձի ճանապարհածախսը, վիզայի դիմումի արժեքը ինչպես նաև ամսական կենսաթոշակ՝ բնակության և կենցաղային ծախսերը հոգալու համար։
Չիվնինգի ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ունեն առաջնորդության ներուժ, հստակ պատկերացում իրենց ապագա նպատակների մասին և ցանկանում են իրենց գիտելիքն ու փորձը կիրառել հայրենիքում դրական փոփոխություններ իրականացնելու համար։
2027–2028 ուսումնական տարվա Չիվնինգի կրթաթոշակների դիմումների ընդունումը սկսվել է 2026 թվականի օգոստոսի 4-ին, իսկ դիմումների վերջնաժամկետը սահմանված է 2026 թվականի հոկտեմբերի 6-ը։