Վրաստանն այլևս զգալի կախվածություն չունի ռուսական էլեկտրաէներգիայից․ TI

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) զեկույց է հրապարակել, որում վերանայվում են էլեկտրաէներգիայի ոլորտի 2010-2022 թվականների ցուցանիշներն ու միտումները։

Ըստ ՀԿ-ի՝ Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումն ավելի շատ է աճել, քան արտադրությունը, որին հաջորդել է էլեկտրաէներգիայի ներմուծման աճը: Նաև նշվում է, որ վերջին տարիներին Վրաստանը էական կախվածություն չունի ռուսական էլեկտրաէներգիայից։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ նույնիսկ Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում երկրում էներգետիկ ճգնաժամ չի լինի։

«Որքա՞ն է Ռուսաստանի և այլ երկրների էլեկտրաէներգիայի մասնաբաժինը» հետազոտությունը ցույց է տալիս, որ մինչև 2013 թվականը Վրաստանի էլեկտրաէներգիայի ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է մինչև 95 տոկոս, որը 2017 թվականին զգալիորեն փոխարինվել է Ադրբեջանից ներմուծվող էլեկտրաէներգիայով։ Սակայն անցյալ տարի իրավիճակը կրկին փոխվել է, և ներմուծման մեջ Ռուսաստանի տեսակարար կշիռն ավելացել է:

Այս միտումը թվերով հնարավոր է արտահայտել հետևյալ կերպ.

  • 2021 թվականին ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 25 տոկոս, իսկ անցյալ տարի այն աճել է մինչև 58 տոկոս, իսկ Ադրբեջանինը՝ նվազել մինչև 20 տոկոս,
  • 2022 թվականին Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռն աճել է մինչև 22 տոկոսով:

Չնայած Ռուսաստանից ներմուծման աճին, Վրաստանի ներքին սպառման մեջ ռուսական էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը մնացել է ցածր՝ 2021 թվականին՝ 1,8 տոկոս, իսկ 2022 թվականին՝ 2,6 տոկոս։

Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ 2021-2022 թվականներին ներմուծման տեսակարար կշռի նվազման հիմնական պատճառը ՀԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության 31 տոկոս աճն է։