Քաղաքական նոր մշակույթ. գաղտնալսումներ

Վրաստանի դատախազության նախկին բարձաստիճան պաշտոնյա Միրզա Սուբելիանին, ով այժմ գտնվում է նախնական կալանքի տակ, փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասին հայտարարել է Սուբելիանիի փաստաբան Էկա Խուցիշվիլին: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հաստատել են լուրը և հավելել, որ բանտի աշխատակիցը ժամանակին արձագանքել է:

Ո՞վ է Միրզա Սուբելիանին

Սուբելիանին հանրությանը հայտնի դարձավ դպրոցականների անցյալ տարվա սպանությունից հետո: Մասնավորապես, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը Խորավա փողոցում սպանված երկու անչափահասների սպանության մեջ մեղադրվող անչափահասների վերաբերյալ որոշում հրապարակեց: Մեղադրյալներից մեկը ազատ արձակվեց, մյուսի մեղադրանքը վերաորակավորվեց՝ կանխամտածված սպանությունից՝ սպանության փորձի: Դատարանը, այսպիսով, հայտարարեց, որ սպանված անչափահասներից մեկի՝ Դավիթ Սարալիձեին սպանողը հայտնի չէ: Այնինչ սպանվածի հայրը՝ Զազա Սարալիձեն պնդում էր, որ բոլոր ապացույցները կան: Դպրոցականի սպանության մեջ մեղադրվողներից մեկը հենց Սուբելիանիի որդին էր:

Ցույց իշխանությունների հրաժարականի պահանջով: Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն արդարություն է պահանջում
Միզա Սուբելիանին բանտում

Դատարանի որոշումից հետո Սարալիձեն ցույցեր սկսեց: Նախ, բազմահազարանոց ցույցերի արդյունքում հրաժարական տվեց Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, ապա ձերբակալվեց նաև Սուբելիանին՝ հանցանքը թաքցնելու համար: Սարալիձեն մինչ օրս արդարություն է պահանջում: Դեռևս այդ ժամանակ էր խոսվում, որ Սուբելիանին կոմպրոմատներ ունի իշխող «Վրացական երազանք»-ի վրա և այդ պատճառով գործը պատշաճ չի քննվում: Հետագայում լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որի համաձայն, անչափահասներին սպանել են Սուբելիանիի որդու բերած դանակներով: Տեղեկատվությունը տարածել էր newspost.ge լրատվականը՝ հղում անելով ուժային կառույցներում իրենց գաղտնի աղբյուրին:

Իսկ կոմպրոմատների վերաբերյալ կասկածներն էլ ավելի խորացան բոլորովին վերջերս: Հոկտեմբերի 14-ին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը գախտնալսում հրապարակեց, որտեղ, ըստ հեռուստաընկերության, Սուբելիանին խոսում է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Վիկտոր Ջափարիձեի հետ: Ձայնագրությունում Սուբելիանին ասում է, որ տեռաբայտերով կոմպորոմատ ունի, որոնց հրապարակման դեպքում «Վրացական երազանք»-ն այլևս կդադարի գոյություն ունենալ: Նա կոնկրետ գործերի մասին է խոսել, որտեղ անձամբ մասնակցություն է ունեցել: Այդ գործերի թվում են Վաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի գործը և այլ աղմկահարույց գործեր: Ըստ հեռուստաընկերության՝ Սուբելիանին ինքնակամ է բանտ մտել՝ իշխանությունների հետ համաձայնության գալով: Իսկ կոմպրոմատների մի մասը, ըստ լրատվամիջոցի, նա փոխարինել է իր ընտանիքի անդամների ազատության համար, ովքեր անցնում էին Սարալիձեի գործով:

Պատգամավոր Վիկտոր Ջափարիձե

Այս պահին դատախազությունը քննում է գործը: Ջափարիձեն հաստատել է, որ բանտում հանդիպել է Սուբելիանիին: Իսկ մինչ այդ՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարեց, որ շուտով նոր ձայնագրություններ են հրապարակվելու:

Ձայնագրությունների առեղծվածը

Վրաստանում գաղտնի ձայնագրությունները նորություն չեն: Դրանք արդեն վաղուց դարձել են քաղաքական պայքարի մաս, չնայած նրան, որ գաղտնի տեսա-ձայնագրությունը պատժվում է քրեական օրենսգրքով:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին, հատկապես, ձայնագրությունների մի ամբողջ շարան կար: 2012 թվականի իշխանափոխությունից հետո դրանք կրկնվեցին: Անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր հրապարակվեցին, որտեղ «գլխվոր դերերում» նախկին պաշտոնյաներ էին: Մի շարք քաղաքական գործիչներ հայտարարում էին, որ իրենց շանտաժի են ենթարկում անձնական կյանքին վերաբերող գաղտնի տեսագրություններով:

Գաղտնալսումները նոր թափ ստացան նախագահական ընտրություններին ընդառաջ: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ խոսվում էր «Իբերիա» հեռուստաընկերության շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ: Ձայնագրությունում 3 անձ են խոսում՝ իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի մտերիմ գործարար Վանո Չխարտիշվիլին, «Օմեգա գրուպ»-ի («Իբերիա» հեռուստաընկերության հիմնական ֆինանսավորողն է) համահիմնադիրը և «Թբիլիսիի ծխախոտ» ընկերության սեփականատեր Իրակլի Չուբինաշվիլին: Այս գաղտնալսումները հիմնականում վերաբերում էին ծխախոտի գների կարգավորմանը, որտեղ ասվում էր, որ էկոնոմիկայի նախկին նախարար Դիմիտրի Քումսիշվիլին է կարգավորում գները: Ավելի վաղ տարածվել էր սպորտի նախկին նախարար Լևա Կղիփիանիի և «Օմեգա գրուպ»-ի համահիմնադիր Զազա Օքուաշվիլիի ձայնագրությունը, որտեղ Կղիփիանին Օքուաշվիլիին 3.5 միլիոն լարի է առաջարկում՝ հեռուստաընկերությունը փակելու համար: Նշենք նաև, որ «Օմեգա գրուպ»-ի շուրջ ստեղծված ֆինանսական խնդիրների պատճառով «Իբերիա» հեռուստաընկերությունը երեկվանից դադարել է հեռարձակումը:

Իշխանությունները փակեցին Իբերիան. հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը

Իսկ ընդամենը երեկ դատախազությունը հրապարակեց Բադրի Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման փորձին վերաբերող ձայնագրություն: Ըստ հետաքննության՝ ձայնագրությունից պարզ է դառնում, թե ինչպես են սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին բարձրաստիճան անձինք ծրագրել գործարարի սպանությունը, որը այն ժամանակ Սաակաշվիլիի իշանության հիմնական ընդդիմադիր ուժն էր: Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գաղտնալսումներից զերծ չմնաց հենց «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, երբ սեփականատիրոջ վերաբերյալ դատական գործ էր քննվում: Գաղտնալսումների վերաբերյալ թերևս այն քիչ բացահայտված գործերից է, օրինակ, «Վրացական երազանք»-ի առաջնորդներին ապօրինի գաղտնալսումը: Այդ ժամանակ 3 անձ քրեական պատասխանատվության ենթարկվեց: Դե իսկ կարիք չկա խոսել նաև այն մասին, որ 2012 թվականի իշխանափոխության մեջ մեծ դեր խաղաց հենց բանտում արված գաղտնի տեսագրությունը, որտեղ ենթադրաբար բանտի աշխատակիցները խոշտանգում են բանտարկյալներին: