«Եղած փաստերը կարող են վերջ դնել «Վրացական երազանք»-ի իշխանությանը»․ աղմկահարույց ձայնագրություն բանտախցից 

Երեկ երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության Պոստսկրիպտում հաղորդման եթերում հրապարակվեց Խորավա փողոցի սպանության գործով անցնող վկաներից մեկի հոր, այժմ անազատության մեջ գտնվող դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանիի սկանդալային ձայնագրությունը: Այն արվել է Գլդանիի №8 քրեակատարողական հիմնարկում:

Սուբելիանին գաղտնի ձայնագրությունում ասում է, որ ներկայիս կառավարության դեմ ծանրակշիռ փաստեր ունի, այդ թվում նաև մարդկանց առևանգման և խոշտանգումների մասին:

Սուբելիանին ասում է, որ իշխանությունների հրահանգով զբաղվել է «սև գործերով», որը կառավարությունը չի գնահատում: Ըստ Սուբելիանիի, նա շատ փաստեր ունի իշխանության մի խումբ ներկայացուցիչների դեմ: «Իմ ունեցած փաստերը կարող են վերջ տալ «Վրացական երազանքը»-ի իշխանությանը»,-նկատում է Սուբելիանին։

Նախկին ավագ դատախազը խոսում հատկապես Թբիլիսիի Խորավա փողոցի սպանության գործը կոծկելու մասին՝ շեշտելով, թե ինչու մինչև հիմա չեն բացահայտվել սպանության մանրամասները: Զրույցը տևում է մոտ մեկ ժամ ու կես, որից պարզ է դառնում նաև, որ Սուբելիանին իշխանությունների հետ համաձայնությամբ և իր կամքով է բանտ նստել:

Ձայնագրության մասնակիցներից մեկը Մեստիայից (Սվանեթիի շրջան, Արևմտյան Վրաստան) ընտրված պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն է, ով քրեակատարողական հիմնարկ է գնացել Սուաբելանիի պահանջով։ Վերջինս Ռուսթավի 2-ի հետ զրույցում մեկնաբանելով, ասել է, որ Միրզա Սուբելիանին հիշյալ ձայնագրությունում անդրադարձել է այն փաստերին, որոնք պետք է քննության վերանայման, ինչպես նաև քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պատասխանատվության ենթարկելու առիթ դառնան: Սուբելիանիի և Ջափարիձեի հետ է գտնվել նաև Փախստականների նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ընդհանուր փորձաքննության նախկին աշխատակից, Միրզա Սուբելիանիի աջ ձեռք համարվող Դաթո Ցուխիշվիլին:

Ձայնագրության մեջ Միրզա Սուբելիանին կառավարությանը մեղադրում է մի քանի հանցագործությունների մեջ՝ ասելով, որ ինքը 50 անդամ ունեցող զինված խումբ ունի:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Միրզա Սուբելիանիի ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ ասելով,  որ «այս դեպքում Սուբելիանիի իրավունքները խախտվում են»:

Օմբուդսմենի պարզաբանմամբ, ՄԻՊ-ի գրասենյակը համաձայնության դեպքում  իրավունքների պաշտպանության հարցում կաջակցի Միրզա Սուբելիանիին:

Ըստ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի, հետաքննությունը պետք է մանրամասնորեն պարզի, թե արդյոք ձայնագրությունը կեղծ չէ և երբ  է այն արվել: Բացի այդ, ըստ Ծուլուկիանիի,  կարևոր է, թե ով է ձայնագրությունը դուրս բերել բանտից:

Ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է արել նաև «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն․

«Այս ձայնագրությունները չեն վերաբերում որևէ գործի, որևէ քաղաքական ուժի, որևէ խմբավորման: Այս ձայնագրությունները վերաբերում են վրաց պետությանը: Եթե հաստատվի դրանց իսկությունը, դա կնշանակի, որ մենք Վրաստանում չունենք պետական կառույցներ և երկիրը ղեկավարվում է մաֆիոզ խմբավորման կողմից: Սա նշանակում է, որ մեր երեխաները ապրում են մի երկրում, որտեղ նրանց ապագան վտանգված է»:

Բաքրաձեն նշել է, որ երկրի քաղաքացիները հրաժարվել են նախկին իշխանություններից («Միացյալ ազգային շարժում»-ից, որի առաջնորդն է եղել նաև ինքը, խմբ․), քանի որ վերջիններս սկսել էին մտնել մարդու անձնական տարածք։ «Սակայն, այսօր մենք ունենք ավելի ծանր իրավիճակ: Իրավիճակ, երբ երկիրը կառավարվում է սեփական շահը, սեփական բիզնեսը զարգացնելու հիմքով», — ասել է Բաքրաձեն:

Տարածված ձայնագրություններին արձագանքել է նաև Խորավա փողոցում սպանված անչափահասներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, ով պնդել է, որ Սուբելիանին մինչ այս էլ տեղեկություններ է ունեցել գործի վերաբերյալ: Սարալիձեն պահանջում է Սուբելյանիին ցմահ ազատազրկման դատապարտել:

Իսկ միասնական ընդդիմությունը ձայնագրությունը հրապարկվելուց հետո աշխատանքային արտակարգ ռեժիմի է անցել: Այս թեմայով միասնական ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հատուկ ճեպազրույց է անցկացրել:

Ըստ նրա, ներկայիս իրավիճակը պետք է ավարտվի հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններով:

Ձայնագրության իսկությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, սակայն երեկ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 12-ին հետաքննություն է սկսել:

«Եվրոպական Վրաստանը» խորհրդարանի բյուրոյի նիստում առաջ է քաշում Ներքին գործերի նախարարին և գլխավոր դատախազին խորհրդարան հրավիրելու և պարզաբանումներ տալու հարցը: