Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն

2022 թվականի դեկտեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Քվեմո Քարթլիի Շահումյան, Կարմիր և Աղքյորփի  գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի նախագահությամբ, հոգևորաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ 1988 թվականին Հայաստանի Հանրապետությունում  տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին: Փոխանցում է Վիրահայոց թեմը։

Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ, թեմապատկան կենտրոնների  և տարբեր բաժինների աշխատակիցներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Եկեղեցու ներսում տարածվեց սգո երաժշտությունը, ժամը 11-ն անց 41 րոպեին աշխարհասփյուռ հայոց եկեղեցիների զանգերին միացան Հավլաբարի Սուրբ Էջմիածին  եկեղեցու զանգի ղողանջները՝ հիշեցնելով վայրկյանների ընթացքում բնության ձեռքով կյանքի ընթացքը կանգնեցրած, մահ ու ավերածություն տարածած  բնական աղետի մասին: