Նախագահը մեկնել է Մեծ Բրիտանիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Մեծ Բրիտանիա. այդ այցի համար նա չի ստացել կառավարության թույլտվությունը։ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Զուրաբիշվիլին մասնակցելու է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի կազմակերպած միջոցառմանը։

«Միջոցառմանը նախատեսվում է Վրաստանի նախագահի ելույթը, որին կհետևի հարցուպատասխանը։ Կքննարկվեն ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերները, Հարավային Կովկասի քաղաքական հավասարակշռության փխրունությունը, հեռանկարները։ Կքննարկվեն նաև Վրաստանի եվրոպական ապագան, Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերությունները, Ուկրաինայի պատերազմի ազդեցությունը Վրաստանի վրա և գալիք խորհրդարանական ընտրությունները»,- գրված է նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ազատություն» ռադիոկայանին կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահը չի դիմել կառավարություն՝ արտերկիր այցելելու թույլտվության համար։