«Ժողովրդի ուժ». նոր հասարակական շարժում են հիմնում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին, հասարակական շարժում են հիմնում:

Ըստ նրանց տարածած տեղեկության՝ շարժման անունը լինելու է «Ժողովրդի ուժ»։

Հայտարարության համաձայն՝ «Ժողովրդի ուժ»-ը կլինի հասարակական շարժում, որը կմիավորի «հայրենասեր» քաղաքացիներին, պատգամավորներին, ավագանու անդամներին և հասարակության այլ ներկայացուցիչների։

Հայտարարության մեջ նշել են` եթե տեսնեն, որ իշխանությունն այլևս չի կարող դիմակայել պատերազմի հետ կապված ճնշումներին, հնարավոր է` հասարակական շարժումը դառնա քաղաքական կուսակցություն։

Նրանց խոսքով՝ իրենց հիմնական նպատակը լինելու է իրազեկումը հանրությանը` երկրում առկա իրադարձությունների վերաբերյալ։

Խնդիրը «Վրացական երազանքը» փրկելն է. փորձագետները՝ իշխող կուսակցության մասին