Իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել ռուսական տարածք. Նանուաշվիլի

«Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծին, ասում է, որ դա ռուսական օրենք է, և իրականում, անկասկած, այդ օրենքով իշխանությունը հետապնդում է սեփական այն քաղաքացիներին, որոնք որոշակի սոցիալական խնդիրներ ունեն լուծելու, վերականգնելու իրենց իրավունքները, օգնություն ստանալու կյանքի խնդիրների լուծման գործում:

DRI-ի հիմնադիրը նշում է, որ այս օրենքի կիրարկումը վերաբերելու է երեխաներին, կանանց, փոքրամասնություններին, տարեցներին, բանտարկյալներին, տեղահանվածներին, անօթևաններին, երիտասարդներին, գիտնականներին, հաշմանդամություն ունեցող անձանց և բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար։

Նանուաշվիլին նշում է՝ համաձայն այդ օրենքի, իշխանությունն իր քաղաքացիներին բաժանում է երկու մասի՝ իր կողմնակիցների և գործակալների։ Սա հենց բոլշևիկյան մեթոդն է, որ կար Խորհրդային Միությունում, որին հաջորդեցին ռեպրեսիաները 30-ականներին և այն ամենն, ինչ այսօր կատարվում է Ռուսաստանում, Բելառուսում` պետության հալածանքը սեփական ժողովրդի, ազատ մտածող մարդկանց նկատմամբ։

«Իշխանությունն ուղղակիորեն ցանկանում է վարկաբեկել ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակությանը, որպեսզի նրանք չկարողանան շարունակել իրենց աշխատանքը, ձգտում է երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կստիպեն դադարեցնել աշխատանքը, քանի որ դա նվաստացուցիչ կլինի նրանց համար և կստեղծի բռնության միջավայր այս կազմակերպությունների համար` թեկուզ այն պատճառով, որ նրանք կառավարության կողմից գործակալներ են կոչվում»,- նշեց Նանուաշվիլին:

Հանրային նախկին պաշտպանն ընդգծում է՝ իշխանությունը փորձում է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Եվրոպան վերջնականապես հրաժարվի Վրաստանի հետ հարաբերություններից։ Ռուսական օրենքը նման քայլ է, հետո կլինի հակախտրական օրենքի չեղարկում, վիզայի ազատականացման չեղարկում, որը կվնասի բնակչությանը։

Նրա խոսքով, սա այն բանի հետևանքն է, որ Վրաստանի կառավարությունը չի կատարում Եվրոպայի պահանջները և ցանկանում է մեղադրել Եվրոպային։ Ըստ նրա՝ փոխանակ իշխանությունները կատարեն 12 հանձնարարականները և քայլեր անեն ԵՄ անդամակցության ուղղությամբ, ընդհակառակը, մտադիր են ընդունել այնպիսի օրենք, որը լիովին հակասում է Եվրամիության սկզբունքներին և անհամատեղելի է եվրոպական պետությունների որդեգրած արժեքներին.

«Այս օրենքը ոչնչացնում է բոլոր մեխանիզմները, բոլոր հարթակները, որ մարդիկ աշխատեն, պայքարեն, որ երկիրը դառնա Եվրամիության անդամ։ Այսինքն՝ այս օրենքը միտված է ԵՄ-ին Վրաստանից վտարելուն»:

Ըստ DRI-ի հիմնադրի՝ այս օրենքի կիրարկումը կազդի բոլորի վրա, ամբողջ հասարակության վրա, իհարկե, առաջին հերթին նվազ պաշտպանվածների՝ լրագրողների, երեխաների, կանանց, փոքրամասնությունների, տարեցների, բանտարկյալների, տեղահանվածների, անօթևանների, երիտասարդների, գիտնականների, հաշմանդամություն ունեցող անձանց, իրավապաշտպանների և այլոց վրա:

Նանուաշվիլին ընդգծում է՝ իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել խորհրդային, ռուսական տարածք։

«Մենք գործնականում այլ ելք չունենք` մեր ողջ ներուժը, հասարակական ուժերը մոբիլիզացնելուց բացի։ Այս գործընթացների դեմ պետք է սկսել պայքարը գործողություններով ու ելույթներով, այլապես Վրաստանը կվերանա և կդառնա Ռուսական կայսրության մասերից մեկը։

«Գործակալների» սցենարը գրված է Ռուսաստանում, և իշխանության կիրառած մեթոդները ռուսական քարոզչության տիպիկ գործիքներ են. իշխանությունն իրականում գործի է գցում Պուտինի պլանը Վրաստանի տարածքում»,- պնդում է DRI-ի հիմնադիրը:

Նանուաշվիլիի խոսքով՝ հասկանալի է, որ այս օրենքը լիովին հակասում է Եվրամիության չափանիշներին և Եվրահանձնաժողովի առաջարկություններին, քանի որ եվրոպական ոչ մի երկրում նման օրենք չկա։ Ընդհակառակը, դրա համար էլ հակաեվրոպական օրենք է։ Իսկ իշխանությունը, օգտագործելով քարոզչությունը, փորձում է այս օրենքի իրական բովանդակությունը չհասցնել բնակչությանը։ Այս օրենքն ինքնին խտրական է և ոչ միայն դեմ է խոսքի ազատությանը, այլև խախտում է մարդու իրավունքները, անձնական տվյալները, գաղտնիությունը և այլն։

Նանուաշվիլին նշում է, որ այս օրենքի ընդունման դեմ պայքարելու համար կարևոր են մարդկանց խոսքն ու ակտիվությունը.

«Մենք սկսել ենք այդ պայքարը տարբեր մակարդակներով, այդ թվում՝ Եվրոպայի ու Ամերիկայի մեր գործընկեր կազմակերպությունների հետ: Այս օրենքի մասին պետք է տեղեկացված լինեն նաև հասարակության տարբեր խմբերը, քանի որ դա իշխանությունների կողմից ռուսական քաղաքականության շարունակությունն է և ռուսական հիբրիդային պատերազմի մասը, այլ ոչ թե մեկ կուսակցության կամ քաղաքական խմբի որոշում է։

Այս քաղաքականության նպատակն է, որ Վրաստանն ապրի կոռուպցիայի, բռնության, նեպոտիզմի մեջ և ունենա ընտրովի արդարադատություն, որպեսզի ոչ ոք հնարավորություն չունենա մտածելու երկրի զարգացման մասին, որպեսզի Վրաստանը հեռացվի Եվրոպայի հետ ինտեգրումից։ Սա ռուսական պլանն է»:

Վրաստանում արդեն երրրորդ շաբաթն է բուռն քննարկման առիթ է դարձել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագիծը:

Օրինագիծը, որը Վրաստանում անվանում են նաև «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, ըստ հեղինակների՝ ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, բոլոր այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրացական տարբերակը նման է ռուսականին. Միքելաձե