Կոբախիձե. «Ժողովրդի ուժը» շարժման մշակած օրենքներից մեկը կընդունենք

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ իրենք անպայման ընդունելու են «Ժողովրդի ուժը» շարժման մշակած երկու օրենքներից մեկը («Օտարերկրյա թափանցիկության մասին»)։

Խորհրդարանում նա լրագրողներին ասել է, որ իրենք անպայման ընդունելու են այդ օրենքի նախագիծը, բայց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո։

«Իհարկե, հնարավոր չէ բացասական եզրակացություն ստանանք մեկի, մյուսի կամ էլ երկուսի վերաբերյալ, հնարավոր է միայն դիտողություններ կամ առաջարկություններ լինեն մանրամասների վերաբերյալ. հետևաբար մենք բոլոր դեպքերում ընդունելու ենք երկու օրենքներից մեկը։ Վենետիկի հանձնաժողովը քաղաքական մարմին չէ, իրավական փորձաքննության ինստիտուտ է և չի կարող պարտադրել, որ չընդունենք օրենքը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»:

«Ժողովրդի ուժը» շարժումը ստեղծել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին. նրանց են միացել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին թիմակիցներ, հասարակական գործիչներ:

Վրաց քաղաքագետները շարժումն անվանել էին Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «հիմնադրած նոր քաղաքական ուժ», որն, ըստ նրանց՝ ավելի արմատական է լինելու: Փորձագետների գնահատմամբ, «Վրացական երազանք» կուսակցությունը չի բարձրաձայնում, թե ինչ է ցանկանում Իվանիշվիլին, սակայն դա անում են կուսակցությունը լքած պատգամավորները: