Ռիկոթիի լեռնանցքում ճանապարհի ծածկը վնասվել է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկության համաձայն՝ ձմեռային բարդ կլիմայական պայմանները և ինտենսիվ մաքրման աշխատանքները վնասել են Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի Ռիկոթիի լեռնանցքի ճանապարհի ծածկը:

Ըստ տվյալների՝ ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով այսօր արդեն մեկնարկել են վնասված ճանապարհի վերանորոգման աշխատանքները։

«Հաջորդ օրերի ընթացքում առաջին փուլում ժամը 8-ից 19-ը կիրականացվեն ճանապարհի վնասված հատվածների ժամանակավոր վերանորոգման աշխատանքները, իսկ համապատասխան բնակլիմայական պայմանների հաստատման պես կսկսվեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Շինարարության ընթացքում հնարավոր է տեղ-տեղ երթևեկությունը ժամանակավորապես ընդհատվի, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հայտնում են ճանապարհների դեպարտամենտից: