Վրաստանի խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը կազմել է 56,11%

Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է  56,11%` հաղորդում են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ամբողջ օրվա ընթացքում քվեարկել է Վրաստանի 1 970 540 քաղաքացի:

Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է 19 շրջաններում` 63,8%:  Ամենացածր մասնակցությունը Քվեմո-Քարթլիում է է` 51%: 2016-ին  մասնակցությունը կազմել է  51,63%, 2012 –ին` 60,8%:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն այսօր  3 526 023  է, որոնցից 3 511 853-ը բնակվում է Վրաստանում,  14 170 –ը` արտերկրում:

Ընտրությունները կայացած են համարվում մասնակցության  ցանկացած աստիճանի դեպքում:

Վրաստանում ընտրեցին 10-րդ գումարման խորհրդարանը: Մասնակցում էր  48 կուսակցություն ու 2 ընտրական դաշինք:

Ընտրությունները կազմակերպվել են «խառը» համակարգով. 120 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակով (համամասնական համակարգ), իսկ  30 –ը` մեծամասնական (մաժորիտար) համակարգով: