24 ժամվա ընթացքում թմրանյութերին առնչվող մեղադրանքով 42 անձ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում թմրանյութերի հետ կապված մեղադրանքով ձերբակալել է 42 մարդու, որոնց մեծ մասը խոշոր թմրավաճառ է, իսկ ոմանք մեղադրվում են մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար։

Տեղեկությունը հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ թմրանյութերին առնչվող հանցագործներին ձերբակալել են ՆԳ նախարարության աշխատակիցները՝ գլխավոր դատախազության հետ համատեղ, Թբիլիսիում և շրջաններում իրականացված օպերատիվ, քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում։

«Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։

Դատավորի որոշման հիման վրա անցկացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները, մասնավորապես՝ աուդիո և վիդեո ձայնագրությունները, հաստատեցին, որ ձերբակալվածների մեծ մասը ներգրավված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության սխեմայում»,- հայտնել է ՆԳՆ-ն։

Իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են տարբեր տեսակի թմրանյութերի առանձնապես մեծ քանակություն, որոնք նախատեսվում էր վաճառել, այսպես կոչված, սև շուկայում։ Առգրավվել են «Հերոին», «Կոկաին», «Բուպրենորֆին», «Սուբոքսոն», «Մեթադոն» և այլն։

Մեղադրյալների կատարած հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։