Մոսկվան Վրաստանի օկուպացված տարածքներից ու Հայաստանից զորք է տեղափոխում Ուկրաինա․ Կասյանով

Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի խոսքով՝ Ռուսաստանը Վրաստանի օկուպացված տարածքներից և Հայաստանից լրացուցիչ զորք է տեղափոխում Ուկրաինա։ Տեղեկությունը տարածում են վրաստանյան ԶԼՄ-ները:

Ըստ ուկրաինացի դիվանագետի՝ ռուսական բանակը համալրման հետ կապված խնդիրներ ունի։

«Այժմ մենք հստակ տեղեկություն ենք ստանում, որ Ռուսաստանը Ուկրաինա լրացուցիչ զորքեր է ուղարկում տարբեր երկրներից ու քաղաքներից՝ Հայաստանից, Վրաստանի օկուպացված տարածքներից՝ Աբխազիայից և Ցխինվալիից», — ասել է Կասյանովը։

Ինչպես նշել է Կասյանովը, Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով, զորքերի տեղափոխումն իրականացվում է ցամաքային ճանապարհով՝ տարբեր երկրների միջոցով (խմբ. չեն նշվում երկրները):

Հարկ է նշել նաև, որ ըստ ուկրաինական կողմի հայտարարության, Վրաստանի օդային տարածքը չի օգտագործվում Ռուսաստանի շահերի համար։