7500 կմ անցած զբոսաշրջիկի հեծանիվը Թբիլիսիում գողացել են

Անգլիացի զբոսաշրջիկ Ռոուան Քեմփբելը, ով հեծանվով ճանապարհորդում է Սինգապուրից Մեծ Բրիտանիա, կանգ է առել Թբիլիսում. այստեղ, սակայն, գողացել են նրա հեծանիվը:

Ռոուան Քեմփբելն ասում է, որ հեծանիվը գողացել են Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող Hostel-ներից մեկի բակից: «Ես ավելի քան մեկ տարի է, ինչ ճանապարհորդում եմ, 11 երկիր եմ անցել՝ 7500 կմ և ուզում եմ շարունակել իմ ճանապարհորդությունը», — ֆեյսբուքում ստեղծած խմբում գրում է զբոսաշրջիկը:

Քեմփբելն ասում է, որ արդեն դիմել է ոստիկանություն, սակայն ապարդյուն: Նա դիմում է բոլորին, որպեսզի օգնեն գտնել իր հեծանիվը և այլ իրեր, որոնք գողացվել են հեծանիվի հետ:

Զբոսաշրջիկը իր գողացված իրերի մի մասը գտել է Ռուսթավելի պողոտայի աղբամաններից մեկում, այդ մասին ևս հայտնել է ոստիկանություն:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գողություն:

Լուսանկարը՝ netgazeti.ge կայքից