Ռուսական «Դոժդ» անկախ հեռուստաալիքի լրագրող Միխայիլ Ֆիշմանին թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը։ Այս առիթով հայտարարություն է տարածել «Հանուն ԶԼՄ-ների պաշտպանության» կոալիցիան՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին ընդունել ռուս լրագրողներին, ովքեր ոտնձգությունների են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։
«Մենք ցանկանում ենք հանրությանը հիշեցնել, որ «Դոժդը» Ռուսաստանում քննադատական խմբագրական քաղաքականություն վարող ընկերություն էր։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների հետևանքով հարթակը դադարեցրեց հեռարձակումը մարտի 3-ին:
Վերջերս Ռուսաստանի կառավարությունը սահմանեց կանոնակարգեր, որոնք դժվարացնում էին անկախ լրատվամիջոցների աշխատանքը պատերազմի ժամանակ: Տեղեկությունների տարածումը, որը Կրեմլը համարում է «կեղծ», կարող է պատժվել խոշոր տուգանքով կամ ազատազրկմամբ»,-ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ։
Կոալիցիան կարծում է, որ լրագրողին երկիր չթողնելու փաստը կարող է որպես խտրականություն դիտարկվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ խոչընդոտների չեն հանդիպում Ռուսաստանից եկած, Հայաստանի սահմանով մուտք գործող այլ անձինք։ Ըստ այդմ, պետությունը պետք է բացատրի, թե ինչն է դարձել Միխայիլ Ֆիշմանին երկիր չընդունելու պատճառը։
Լրագրողը նշել է, որ իր ընտանիքի անդամներին թույլ են տվել, իսկ իրեն վերադարձրել անձնագիրն ու առանց բացատրելու պատճառը թույլ չեն տվել հատել սահմանը։
Միխայիլ Վլադիմիրի Ֆիշմանը ռուս լրագրող և հեռուստահաղորդավար է: Նա 2010 թվականից վարում է «Դոժդ» հեռուստաընկերության «Եվ այսպես շարունակ» հաղորդաշարը։