Վրաստանի ինքնակառավարման 2021 թվականի ընտրություններում ընդդիմադիր կուսակցություններից ամենամեծ աջակցությունն ունեցող կուսակցությունը՝ Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալցիխեի սակրեբուլոյի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցությունը լուծարվել է։
Խմբակցությունը լքած պատգամավորների խոսքով` ՄԱՇ-ում ոչ մի անդամ չի մնացել: Ըստ նրանց՝ ՄԱՇ խմբակցությունից դուրս են եկել, որ դառնան անկախ պատգամավոր:
«Մենք հետևողականորեն շարունակելու ենք կատարել մեր ընտրողների կամքն արևմտամետ Վրաստան կառուցելու հարցում…»,- նշված է ՄԱՇ-ը լքած սակրեբուլոյի հինգ պատգամավորների համատեղ հայտարարության մեջ։
Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ կուսակցությունը ներկայացուցիչ կունենա՞ Ախալցիխեի սակրեբուլոյում, թե՝ ոչ։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ՄԱՇ-ի անդամները լքում են կուսակցությունը ՄԱՇ կուսակցության նոր նախագահի՝ Լևան Խաբեիշվիլիի ընտրությունից հետո։ Նույնը տեղի ունեցավ խորհրդարանում. Ռոման Գոցիրիձեն և Խատիա Դեկանոիձեն լքեցին կուսակցությունն ու խմբակցությունը։