Վրաստանի Մառնեուլի քաղաքի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի հորը պատկանող ընկերությունը՝ «Քցիա» ՍՊԸ-ն, շահել է քաղաքապետարանի հայտարարած 5 մլն 159 հազար 826 լարի արժողությամբ մրցույթը։
Մառնեուլիի քաղաքապետարանը փետրվարի 25-ին 5 մլն 159 հազար 826 լարիի մրցույթ էր հայտարարել Ծերեթելի գյուղի ներքին ճանապարհների վերականգնման աշխատանքների երկրորդ փուլի գնման համար։ Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Քցիա» ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Մառնեուլիի փոխքաղաքապետի հորը՝ Պաատա Շուբիթիձեին։
«Քցիա» ՍՊԸ-ն Մառնեուլիի քաղաքապետարանին առաջարկել է աշխատանքները կատարել 4 մլն 400 հազար լարիով։ Մրցութային փաստաթղթերի համաձայն, Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթում հաղթող է ճանաչել «Քցիա» ՍՊԸ-ին և պատրաստվում է նրա հետ պայմանագիր կնքել։
Մրցութային հանձնաժողովը մարմին է, որը քննարկում է մրցույթին մասնակցող ընկերությունների հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարցերը։ Ծերեթելի գյուղի ներքին ճանապարհների վերականգնման մրցութային հանձնաժողովի անդամ է նաև Մառնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեն։ Հատկանշական է, որ, Թեմուր Շուբիթիձեն, ըստ փաստաթղթերի, չի ներկայացել մրցութային հանձնաժողովներին, որտեղ քննարկվել է «Քցիա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու հարցը։
Շահերի բախման բացակայության մասին հայտարարության մեջ չի նշվում հանձնաժողովի անդամ Թեմուր Շուբիթիձեի ընտանեկան հարաբերությունները «Քցիա» ՍՊԸ-ի սեփականատիրոջ հետ։
Պաատա Շուբիթիձեի «Քցիա» ընկերությունը 2011 թվականից շահում է Մառնեուլիի քաղաքապետարանի տենդերները։ Առաջին մրցույթին մասնակցել է 2011 թվականի ապրիլի 13-ին։ «Քցիա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերն է Վլադիմիր Տկղեշելաշվիլին: Նրա բաժնեմասի կառավարիչը Քեթևան Տկղեշելաշվիլին է։ Ընկերությունը գրանցված է Մառնեուլիի քաղաքապետարանի Արափլո գյուղում։ «Քցիա» ՍՊԸ-ն այս փուլում ունի երկու տնօրեն՝ Քեթևան Տկղեշելաշվիլին և Թեիմուրազ Գոգրոճիանին։
Ծերեթելի գյուղի ներքին ճանապարհների շինարարության մրցույթում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ «Քցիա» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Պաատա Շուբիթիձեի հետ. վերջինս նույն ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերն է։ Պայմանագրի համաձայն, Պաատա Շուբիթիձեն կատարում է ընկերության գլխավոր ինժեների պարտականությունները, և նրա ամսական աշխատավարձը կազմում է 15 հազար լարի։
Լուսանկարը՝ marneulifm.ge-ից