ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Վրաստան. ինչ է հայտնի

Եռօրյա այց Թբիլիսի և հանդիպումներ միայն «Վրացական երազանք»-ի կառավարության հետ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Թբիլիսի է ժամանել ապրիլի 22-ին: Սա առաջին այցն է Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքները դեռևս վիճարկվում են, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության բացահայտումների հիման վրա։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որը Թուրքիայի նախկին արտգործնախարարն է և ՄԱԿ-ում մշտական ​​ներկայացուցիչը, 2025 թվականի մարտին Մոսկվայում էր։ Այնտեղ նա ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է համագործակցություն խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ։

Ապրիլի 22-ին Թբիլիսի ժամանած Սինիրլիօղլուն իր առաջին հանդիպումն անցկացրել է «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարարության ղեկավար Մակա Բոճորիշվիլիի հետ։ Համատեղ ճեպազրույցում հյուրի ներկայացրած հիմնական կետերը վերաբերում էին տարածաշրջանային կայունությանը և հակամարտությունները երկխոսության միջոցով լուծելուն։ Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ինչպես Վրաստանին, այնպես էլ տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը չի հիշատակել 2024 թվականի ընտրությունները և ԵԱՀԿ առաքելության դիտորդների քննադատական ​​զեկույցը, ոչ էլ՝ երկրում ընթացող իրադարձությունները՝ ցուցարարների իրավունքների խախտումները, ձերբակալությունները կամ վիճահարույց օրենքները, որոնք քննադատության առարկա են դարձել արևմտյան շատ գործընկերների կողմից: «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները վիզային կամ ֆինանսական պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ-ի, ԵՄ առանձին երկրների և Մեծ Բրիտանիայի կողմից։ Բարձր մակարդակի այցերն ու բանակցությունները Բրյուսելի կամ Վաշինգտոնի հետ կասեցվել են։

Բոճորիշվիլին ճեպազրույցում նշել է, որ «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը նույնպես ուղղված է դեպի խաղաղություն, և Վրաստանը լիովին վստահում է ԵԱՀԿ-ի ջանքերին։ Բոճորիշվիլին ասել է, որ ճեպազրույցից առաջ կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի խնդիրներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի երկու տարածքներ՝ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը, օկուպացված են, և «Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը»։

«Վրացական երազանք»-ի կառավարության արտգործնախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ասել է, որ Թբիլիսին աշխատելու է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ դիտորդների զեկույցում ընդգծված թերությունների վրա: Իշխանության ընդդիմախոսներն այս խոստումը համարում են լիովին անհիմն ու դատարկ խոսքեր։

«Վերջին շրջանում Վրաստանը դարձել է երկրի ներքաղաքական կյանքին արտաքին միջամտության բացահայտ փորձերի տեսանելի օրինակ, մենք հաճախ տեսնում ենք նաև միջազգային կառույցները չարաշահելու փորձեր»,- ընդգծել է Մակա Բոճորիշվիլին: Վերջերս մեկ այլ շեշտադրում էր «Վրացական երազանք»-ի հաճախակի կրկնվող մեղադրանքն առ այն, որ արտաքին ուժերը միջամտում են Վրաստանի գործերին:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ «Վրացական երազանք»-ը քննարկում է հենց «արտաքին ուժերի», այսպես կոչված` Deep State-ի (խորքային պետություն՝ «Վրացական երազանք»-ի դավադրույթան տեսությունից է), միջամտությունը թուլացնելու ակնկալիքով։ Վիճելի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին լրագրողների հետ զրույցում ասել է, թե «ընդդիմությունը շարունակում է լրացուցիչ օգնություն ստանալ Deep State-ից, ներկայումս՝ Բրյուսելից», և որ «այս մակարդակի մարդու ժամանումը Վրաստան կարևոր ռեսուրսներից մեկն է՝ մեկընդմիշտ դրան վերջ տալու համար»։

Վիճելի պատգամավոր Դավիթ Մաթիկաշվիլին էլ ասել է, թե ««Վրացական երազանք»-ը լեգիտիմություն է ստացել ժողովրդի կողմից, իսկ այցերը չեն որոշում լեգիտիմությունը»։ Սակայն, ըստ նրա, հեղինակավոր կազմակերպության ղեկավարների հետ հանդիպումները ևս մեկ ապացույց են այն բանի, որ «արմատական ​​ընդդիմության պայքարը՝ լեգիտիմության հետ կապված խնդիրներ ստեղծելու համար, ապարդյուն է»։

Ընդդիմությունը հատուկ բողոք չի հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի դեմ։ Նրանք պնդում են, որ ոչ ոք չի կարող լեգիտիմացնել «Վրացական երազանք»-ի ոչ լեգիտիմ իշխանությունը, և որ փակ դռների հետևում ստիպված կլինեն լսել ընտրությունների, մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության վերաբերյալ նախատինքներ, որոնք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձրաձայն չի արտահայտել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի շրջանակներում (ապրիլի 22-24) հանդիպումներ չեն նախատեսվում ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության հետ։ Նախատեսված էր գլխավոր քարտուղարի այցը Օձիսի գյուղ, որը գտնվում է օկուպացիոն գծի մոտ։