«Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» և «կրիպտոարժույթի գործով» դատապարտված Գիորգի Բաչիաշվիլիի ամերիկացի փաստաբանն ասել է, որ «երկու երկրների հետախուզական գործակալությունների վրա հիմնված հավաստի տեղեկություններ ունի», որ թաքնված Գիորգի Բաչիաշվիլիի կյանքին վտանգ է սպառնում։
Բաչիաշվիլին մարտի 2-ին գաղտնի լքել է Վրաստանը՝ տեղափոխվելով Հայաստան, իսկ դրանից հետո նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Մարտի 10-ին Իվանիշվիլիի բողոքի հիման վրա հարուցված գործով նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։
Բաչիաշվիլիի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որ նախկինում ներկայացնում էր ռուս գործարար Միխայիլ Խոդորկովսկու շահերը (Խոդորկովսկին հակադրվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնի ՅՈՒԿՕՍ-ի գործով), ապրիլի 23-ին հրապարակված հայտարարության մեջ խոսել է Բաչիաշվիլիի վերացման սպառնալիքի մասին, թեև չի նշել ստույգ աղբյուրը։
Ինչ է ասում փաստաբանը
Ամստերդամի կարծիքով` Վրաստանի կառավարությունը նույնպես ցանկանում է «ոչնչացնել» քաղաքական հակառակորդներին, թեև չի բացառում «օտար ուժերի» դավադրությունը. «Մենք կարծում ենք, որ Վրաստանի կառավարությունը կարող է դիմել ցանկացած տեսակի բռնության իր նպատակներին հասնելու համար՝ ոչնչացնել բոլոր քաղաքական հակառակորդներին և ռեժիմի քննադատներին, որոնք իրենց համար իրական վտանգ են ներկայացնում»:
Ռոբերտ Ամստերդամը նաև նշել է, թե չի բացառում, որ Բաչիաշվիլիի սպանության ծրագրումը «արտաքին ուժերի կողմից Վրաստանում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու սցենար է»։ Ամստերդամը գրել է նաև, որ Բաչիաշվիլիից իրավունք է ստացել տեղեկությունը հանրայնացնելու համար:
«Վրացական երազանք»-ի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել Բաչիաշվիլիի փաստաբանի մեղադրանքները։