Վրաստանի որոշ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՀԿ) դատապարտել են ապրիլի 29-ի առավոտյան դատախազության աշխատակիցների կողմից ոչ կառավարական կազմակերպությունների և հիմնադրամների ղեկավարների բնակարաններում կատարված խուզարկությունները։
Քաղհասարակության գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ի կառավարությունը ցանկանում է վախ սերմանել հասարակության շրջանում, և համակարգված խուզարկությունները վախ սերմանելու փորձ են:
«Նման հիմնադրամների գործունեությունը խափանելու համար պետական իշխանության պահվածքը ոչ միայն բարոյապես անարդարացի է, այլև նպատակ ունի քրեականացնելու համակրանքի արտահայտումը և լռեցնելու նրանց, ովքեր պայքարում են արժանապատվության և արդարության համար: Խուզարկությունները, որոնք իրականացվել են առանց պատշաճ իրավական հիմքի և թափանցիկության, քաղաքական դրդապատճառներ ունեն և քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների դեմ ավելի լայն արշավի մաս են կազմում», — ապրիլի 29-ի համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել են քաղհասարակության ներկայացուցիչները:
Նրանց գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ի կառավարությունը թիրախավորել է «մարդկանց, որոնք գտնվում են մարդասիրական աշխատանքի առաջնագծում և օգնում են մեր հասարակության ամենախոցելի խմբերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ներքին տեղահանված անձանց, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և բռնության զոհերին»։
«Այս կազմակերպությունները կարևոր դեր են խաղում այն ոլորտներում, որտեղ պետական աջակցությունն անբավարար է՝ ապահովում են սննդով, կացարանով, բժշկական օգնությամբ, կրթությամբ և հոգեսոցիալական ծառայություններով նրանց, ում համար դրանք կենսական նշանակություն ունեն», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցենենք. ապրիլի 29-ի առավոտյան քննչական ծառայության աշխատակիցները մտել են հեռուստահաղորդավար և «Նանուկայի հիմնադրամ»-ի հիմնադիր Նանուկա Ժորժոլիանիի, ակտիվիստ Մարիամ Բաջելիձեի, «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալեկո Ցքիտիշվիլիի և «Միմյանց համար 24/7» հիմնադրամի հիմնադիր Գուգա Խելաիայի բնակարանները։
Ավելի ուշ դատախազության մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որից պարզ դարձավ, որ խուզարկությունը կատարվել է «սաբոտաժ» հոդվածով հարուցված քննության շրջանակներում։ Ըստ դատախազության հայտարարության՝ «այս հիմնադրամներն ու ոչ կառավարական կազմակերպությունները մասնակցել են հասարակական կարգի դեմ ուղղված ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց և նրանց ընտանիքի անդամների ֆինանսական ապահովմանը, նաև օրինախախտներին նշանակված վարչական տուգանքների վճարմանը»։
Ուշագրավ է նաև, որ «սաբոտաժ և թշնամական գործունեությանը օժանդակություն» որակմամբ հարուցված գործի շրջանակներում այս տարվա մարտի 17-ին, քննչական մարմնի պահանջով, առգրավվել են այն հիմնադրամների և կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքներն ու կարիքները։ Գործը հարուցվել է փետրվարին՝ «Միացյալ չեզոք Վրաստան» շարժման վերաքննիչ բողոքի հիման վրա։
«Միացյալ չեզոք Վրաստան»-ը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսի 10-ին և կրկնում է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ուղերձները։