«Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին դատի է տվել «Վրացական երազանք»-ի առաջնորդներին՝ Իրակլի Կոբախիձեին, Մամուկա Մդինարաձեին և Սոզար Սուբարիին։
Նրա փաստաբանների խոսքով՝ մայիսի 7-ին Ամաղլոբելին դատական հայց է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերի կոլեգիա՝ պահանջելով, որ այս երեք քաղաքական գործիչների տարբեր ժամանակներում լրատվամիջոցներում Ամաղլոբելիի մասին արված հայտարարությունները գնահատվեն զրպարտչական և հերքվեն:
Մասնավորապես, քննարկվում են հետևյալ հայտարարությունները.
Իրակլի Կոբախիձեն 2025 թվականի հունվարի 29-ին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, «Իմեդի LIVE» հաղորդման ժամանակ նշել է. «Փաստը հետևյալն էր։ Հիշում եք, առաջին միջադեպը տեղի ունեցավ, երբ այս անձը ոստիկաններին պիտակավորմ էր։ Նրա կողմից օրենքի խախտումը ոչ մի կերպ կապված չէր լրագրողական գործունեության հետ, այնտեղ նա գործել է որպես կուսակցական ակտիվիստ, հետևաբար այս փաստը լրատվության հետ կապելն ընդամենը ենթադրություն է… Այստեղ ո՛չ նա, ո՛չ էլ «Ազգային շարժում»-ից նրա կուսակից գործընկերները նույնիսկ ափսոսանք չեն հայտնում»։
Հատկանշական է, որ ոչ մի այլ աղբյուրում նշված չէ, որ Ամաղլոբելին որևէ կուսակցության անդամ է։
Իրակլի Կոբախիձեն 2025 թվականի ապրիլի 16-ին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է. «Այսօր բանտում գտնվող մարդկանց մեծամասնությունը զոհեր են։ Ես չէի կարող դա ասել, օրինակ, Մզիա Ամաղլոբելիի մասին. նա զոհ չէ, նա կատարում էր կոնկրետ հրաման, երբ վիրավորեց ոստիկանին։ Նրա առաջադրանքն էր նվաստացնել և վիրավորել ոստիկանության արժանապատվությունը»։