Երկիրը սառեցված է և լճացած. Զուրաբիշվիլի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է երկրի մեկուսացման մասին և մեղադրել «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին և «Վրացական երազանք»-ին։

Վրաստանի հինգերորդ նախագահը հատուկ ճեպազրույցում հայտարարել է, որ երկիրը «սառեցված է և լճացած» իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքականության պատճառով։ Զուրաբիշվիլին կարծում է, որ ճգնաժամի լուծումը նոր ընտրություններն են։

«Մենք պետք է միասին օգնենք երկրին, ընտրությունները պետք է անհապաղ նշանակվեն, քանի որ երկիրն այլևս ժամանակ չունի դուրս գալու այս խոր փակուղուց», — ասել է Զուրաբիշվիլին։

Ըստ Զուրաբիշվիլիի՝ «ուրիշ ոչ ոք պատասխանատու չէ այն բանի համար, որ երկիրը վատ վիճակում է՝ բացառությամբ մեկ անձի (նկատի ունի Իվանիշվիլիին — հեղ.), որը, գուցե Ռուսաստանի հանձնարարությամբ, միայնակ ղեկավարում է երկիրը և տանում փակուղի, անդունդ»:

Հիշեցնենք. եվրոպամետ ցույցերը Թբիլիսիում սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին իշխող «Վրացական երազանք»-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև 2028 թվականը օրակարգ չեն բերի եվրանդամակցության բանակցութունների մեկնարկի հարցը։