Թբիլիսի-Վաշինգտոն ռազմավարական գործընկերությունը կասեցված է, Վաշինգտոնից պատժամիջոցներ են կիրառվել, և Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, երկկուսակցական աջակցությամբ ընդունել է MEGOBARI Act-ը, որը Վրաստանի վերաբերյալ առաջին որոշումն է ԱՄՆ նոր վարչակազմի օրոք: «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբաձխիձեն MEGOBARI Act-ն «անհեթեթ օրենք» է անվանել, իսկ կուսակցությունում դա «թշնամական ակտ» են համարում, միակուսակցական խորհրդարանում էլ, ի պատասխան MEGOBARI Act-ի, առաջին ընթերցմամբ հատուկ հայտարարություն է ընդունվել:
Փորձագետներն ասում են՝ «Վրացական երազանք»-ը Վրաստանը եվրաինտեգրումից նոյեմբերի 28-ի հայտարարությամբ հեռացնելուց հետո, այժմ էլ Վաշինգտոնից է հեռացնում` երկիրը թողնելով անպաշտպան, առանց որևէ իրական ռազմավարական գործընկերոջ:
«Վրացական երազանք»-ում հուսով են, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրի MEGOBARI Act-ը: Փորձագետները, սակայն, պնդում են, որ Թրամփին Կոբախիձեի հղած բաց նամակը, որտեղ մի քանի անգամ հիշատակվում է MEGOBARI Act-ը, հստակ ցուցիչ է, որ կուսակցությունում հստակ գիտեն՝ MEGOBARI Act-ը կընդունեն թե՛ Սենատը, թե՛ Թրամփը:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում վստահությամբ նշեց, որ Սենատը ևս միանշանակ կընդունի MEGOBARI Act-ը, Թրամփն էլ՝ վստահելով իր կուսակիցներին, կստորագրի, և ակտը ուժի մեջ կմտնի:
Կոֆլիկտաբանի խոսքով, Թրամփին դեռևս այդքան էլ չեն մտահոգում վրաստանյան զարգացումները, դա է նաև ապատճառը, որ ԱՄՆ նախագահը կստորագրի իր կուսակիցների հավանությանն արժանացած օրենքը:
««Վրացական երազանք»-ի նպատակն է՝ Վրաստանը հեռացնել ԱՄն-ից, ինչպես դա արեցին ԵՄ-ի դեպքում: Հենց սա է նպատակը, որ «Վրացական երազանք»-ը, ի պատասխան MEGOBARI Act-ի, առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարությունը», — ասաց Զաքարեիշվիլին:
Անդրադառնալով Թրամփին հղած Կոբախիձեի նամակին` Զաքարեիշվիլին ասաց՝ Կոբախիձեն շատ լավ գիտի, որ Թրամփն իրեն չի պատասխանի: Կոնֆլիկտաբանի դիտարկմամբ, Թրամփին հղած բաց նամակը մեկ նպատակ ունի՝ «Վրացական երազանք»-ի ընտրողներին տեղական ինքնակառավրաման մարմինների ընտրություններից առաջ ցույց տալ, որ իրենք ցանկանում են վերականգնել հարաբերությունները գործընկերների հետ, բայց իրենց չեն պատասխանում, ինչը, ըստ Զաքարեիշվիլիի, ընտրողներին խաբելու նպատակով է արվում:
Հիշեցնենք, որ օրերս Կոբախիձեն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Կոբախիձեն իր Facebook-յան էջում գրել է, որ մի քանի շաբաթ առաջ նրանց ուղարկված նամակը վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, որում արտահայտել էր հարաբերությունները «մաքուր էջից» սկսելու իր պատրաստակամությունը, մնացել է անպատասխան։ Կոբախիձեն կարծում է, որ դա զարմանալի է` հաշվի առնելով, որ «Վրացական երազանք»-ի և ԱՄՆ ներկայիս վարչակազմի միջև արժեքների մերձեցում կա։
Կոնգրեսի ընդունած MEGOBARI Act-ը Կոբախիձեն նամակում անվանել է «անհեթեթ օրենք», որը, ըստ նրա՝ «լի է վրաց ժողովրդի և նրանց ընտրած կառավարության նկատմամբ թշնամանքով», և չէր կենտրոնացնի դրա վրա ուշադրություն, «եթե շատերն այդ արարքը չվերագրեին Թրամփի վարչակազմին»։ Կոբախիձեն նշել էր. «Այս ընկալումն ամրապնդվում է այն փաստով, որ ձեր վարչակազմը որևէ քննադատական հայտարարություն չի արել MEGOBARI Act-ի վերաբերյալ»։
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի կարծիքով, Վաշինգտոնում «Վրացական երազանք»-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ցանկություն կա, և գործադիր իշխանությունը՝ ի դեմս Պետդեպարտամենտի և Գանձապետարանի, նույնպես կմասնակցի օրինագծի պատրաստմանը։
Ըստ քաղաքագետի՝ MEGOBARI Act-ը «Վրացական երազանք»-ի համար շատ խնդրահարույց է, բարդ և ծանր.
«Դժվար է խոսել կոնկրետ ամսաթվի մասին, բայց քանի որ MEGOBARI Act-ը արագացված կարգով ընդունվեց Ներկայացուցիչների պալատում, կարող ենք ենթադրել, որ արագացված կարգով կընդունվի նաև Սենատում։ Խոսքը 2-3 շաբաթվա մասին է, որից հետո, հավանաբար, նույնքան արագությամբ կստորագրի ԱՄՆ նախագահը»:
Փորձագետները միակարծիք են՝ «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան ու հակաժողովրդավարական քաղաքականությունը չեն ների ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը:
Բրյուսելից հայտարարել են՝ ԱՄՆ Կոնգրեսում MEGOBARI Act-ի ընդունումը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Եվրահանձնաժողովից նշել են՝ Վրաստանի իշխանությունների ձեռնարկած գործողությունները մտահոգիչ են և չեն համապատասխանում այն ակնկալիքներին, ինչ ԵՄ կառույցները սպասում են թեկնածու երկրից։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է. «ԱՄՆ-ում MEGOBARI Act-ի ընդունումը շատ լուրջ քայլ է․ սա Ամերիկայի՝ որպես բարեկամի պատասխանն է»:
«Վրացական երազանք»-ի ընդունած պատասխան հայտարարությունը
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը մայիսի 14-ին միաձայն ընդունեց հատուկ հայտարարություն՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 87 ձայնով ընդունած MEGOBARI Act-ի։
«Վրացական երազանք»-ը MEGOBARI Act-ն անվանել է «վրացական պետության, վրաց ժողովրդի և նրա ընտրած կառավարության, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի դեմ ուղղված ծայրահեղ թշնամական գործողություն»։
Ինչ է MEGOBARI Act-ը, ինչ փուլեր է անցել ու պետք է անցնի
Մայիսի 6-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 3:00-ին, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, երկկուսակցական աջակցությամբ քվեարկեց և ընդունեց MEGOBARI Act-ը («Վրաստանի հաշվետվողականության, դիմադրողականության և անկախության կարողությունների մոբիլիզացման և ամրապնդման մասին ակտը»)։ Վերջինս ընդունվեց 349 կողմ և 42 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մի կողմից օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ Վրաստանում ժողովրդավարական հետընթացի համար պատասխանատու և Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի շահերը հետապնդող անձանց նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ խոստանում է սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ երկրի արտաքին քաղաքականության վեկտորի շտկման դեպքում։
Ներկայացուցիչների պալատից հետո հերթը հիմա Կոնգրեսի վերին պալատինն է՝ Սենատինը։ Մինչ օրինագիծը ԱՄՆ նախագահի ստորագրությանը հասնելը` պետք է հաստատվի նաև Սենատի կողմից։ Հատկանշական է, որ օրինագծի անվանումը փոխվեց Սենատում և դարձավ «Չինաստանի կոմունիստական կուսակցության, Իրանի ռեժիմի և Ռուսաստանի Դաշնության Վրաստանում ազդեցության դեմ պայքարի մասին ակտ»։ Չնայած անվանափոխությանը, եթե MEGOBARI Act-ն ընդունի Սենատը, ապա կստորագրի նաև Դոնալդ Թրամփը, պատժամիջոցներից բացի, ԱՄՆ-Վրաստան երկկողմ հարաբերությունները լիովին կվերանայվեն, այդ թվում՝ օգնության հարցում։
Օրինագիծն ինքնին չի թվարկում այն անձանց անունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, սակայն տեղեկություններ կան, որ դրանց թվում են գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, դատավորներ, գործարարներ, լրատվամիջոցների մենեջերներ և սեփականատերեր։
Պատժամիջոցներ ու ռազմավարական գործընկերության դադարեցում
2024 թվականի նոյեմբերի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության կասեցման մասին:
2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց միլիարդատեր նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Իվանիշվիլիի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցներ կիրառելու որոշումը կայացվեց Վրաստանում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցերի 30-րդ օրը և «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունից երկու օր առաջ։