Վրաստանյան զարգացումները լուրջ հարցեր են հարուցել. ԵՄ դեսպան

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Բրյուսելում Վրաստանի վերաբերյալ «ամեն ինչ դեռ սեղանի վրա է», այդ թվում՝ առանց վիզայի ճանապարհորդության հարցը: Այս հայտարարությունը նա արել է մայիսի 14-ին:

ԵՄ դեպանը նշել է, որ Բրյուսելը ստեղծել է արտոնյալ հարաբերություններ Վրաստանի հետ՝ հիմնված ասոցացման համաձայնագրի, անվիզա ռեժիմի, ազատ առևտրի համաձայնագրի, իսկ հետո՝ թեկնածուի կարգավիճակի վրա։

«Սակայն այս ամենը զարգացել է այն գիտակցմամբ, որ Վրաստանը, նախ, ժողովրդավարական երկիր է, և երկրորդ` Վրաստանը ցանկանում է միանալ Եվրամիությանը։ Այն, ինչ մենք տեսել ենք վերջին մեկ տարվա ընթացքում, լուրջ հարցեր է առաջացնում այն ​​առումով, թե արդյո՞ք Վրաստանը դեռևս ժողովրդավարական երկիր է, և արդյո՞ք Վրաստանն իսկապես ցանկանում է միանալ Եվրամիությանը։ Այսպիսով, մենք պետք է վերանայենք, թե արդյո՞ք այս ամբողջ արտոնյալ հարաբերությունները դեռ հիմնավորված են», — ասել է Հերչինսկին:

ԵՄ դեսպանը վերոնշյալ մեկնաբանություններն արել է մայիսի 14-ին՝ Վրաստանում Լեհաստանի և Ուկրաինայի դեսպանատների, նաև CASE կազմակերպության կազմակերպած «Ռուսական սպառնալիքը և դրա ըմբռնումը. դասեր Լեհաստանից, Ուկրաինայից և Վրաստանից» խորագրով միջոցառման ժամանակ։

2024 թվականի հոկտեմբերին կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում լուրջ մտահոգություն կար «Վրացական երազանք»-ի գործողությունների ընթացքի վերաբերյալ, նշված էր, որ «նման գործողությունների ընթացքը սպառնալիք է ներկայացնում Վրաստանի եվրոպական ուղու համար և փաստացի կասեցնում է անդամակցության գործընթացը»։ Նախկինում՝ սկսած 2024 թվականի ամռանից, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վրաստանում ԵՄ դեսպանը, հայտարարել էին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին՝ «Վրացական երազանք»-ի ձեռնարկած քայլերի և որոշումների պատճառով, որոնք հանգեցնում են «ժողովրդավարության նահանջի»։