Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին մայիսի 17-ին փորձել է այցելել վրաց-ադրբեջանական սահմանի վիճահարույց Դավիթ Գարեջիի վանական համալիր, սակայն նրա մուտքը համալիր մերժել են։ Այս մասին նա ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է 6-րդ դարում կառուցված համալիրից մի քանի կիլոմետր հեռավորությունից։
Ընդդիմադիր գործիչն այս ամենի համար մեղադրել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլiին՝ հայտարարելով, որ Իվանիշվիլին վաճառել է Դավիթ Գարեջին, և որ Իվանիշվիլին ու Ալիևը դիկտատորներ են։
Նաթելաշվիլին նաև նշել է, որ «Դավիթ Գարեջին Իվանիշվիլին փոխանակել է Իլհամ Ալիևի միլիարդավոր նավթային շահերի հետ»: Նրա խոսքով, Վրաստանը կորցնում է իր պատմական տարածքների նկատմամբ վերահսկողությունը։
«Այս տարածքը սրբազան է, պատմական և մեր ինքնության մի մասն է։ Այն, ինչ հիմա այստեղ կատարվում է, մեր պետության անգործության ուղղակի հետևանք է։ Մեզ մեր տարածք չեն թողնում», — ասել է Նաթելաշվիլին:
Ըստ Նաթելաշվիլիի. «Ալիևի զինվորականները ներխուժել են Վրաստանի տարածք, Չիչխիտուրիի աշտարակից մինչև Ուդաբնոյի վանք, օկուպացրել ինքնիշխան երկրի տարածքը, ավելին՝ բարձրադիր լեռն անվանել Իլհամ Ալիևի անունով, իսկ Դավիթ Գարեջին վերափոխել «Կեչիկի Դաղաթ»»:
Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը: