Երեկ` մայիսի 20-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) հրապարակել է ակտիվիստ Լեքսո Մաճավարիանիի գործով որոշումը։ Տեղեկությունը տարածել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ Վրաստան» կազմակերպությունը, որը պաշտպանում է Մաճավարիանիի շահերը։
Ստրասբուրգի դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5(1) հոդվածի խախտում է արձանագրել, որը վերաբերում է ազատության և անվտանգության իրավունքին։ Ավելի ճշգրիտ, այս հոդվածի 1-ին մասում կարդում ենք` յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, ոչ ոքի չի կարելի զրկել ազատությունից, բացառությամբ օրենքով սահմանված ընթացակարգերի։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ տեղական դատարաններում վարչական կալանքից հետո դատավորը քննարկում է միայն անձի կողմից օրենքի ենթադրյալ խախտումը, այլ ոչ թե նրա կալանքի օրինականությունը։ Վրաստանում հաստատված պրակտիկայի համաձայն, դատավորները նշում են, որ կալանքի օրինականությունն առանձին հարց է, և այդ հարցը կքննարկի մեկ այլ դատավոր, եթե կալանքի տակ գտնվող անձը բողոքարկի իր կալանքի օրինականությունը։
Ստրասբուրգի դատարանի այս որոշումը սահմանել է, որ դատավորը պետք է հաշվի առնի ոչ միայն այն, թե արդյոք կոնկրետ անձը հանցագործություն է կատարել, այլև` արդյոք նրա կալանքը օրինական է եղել։
Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ Վրաստան»-ի, Ստրասբուրգի դատարանը բողոքն անընդունելի է ճանաչել 10-րդ և 11-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են խոսքի և հավաքների ազատությանը։