Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին, Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունեցավ օրվա ամփոփիչ բողոքի ցույցի ժամանակ, խոսեց երկարատև բողոքի ցույցի մասին, թվարկեց «Վրացական երազանք»-ի դեմ պայքարի հաջողության համար անհրաժեշտ հայեցակետերը և դիմեց վրացական բանակին ու ոստիկանությանը։
Զուրաբիշվիլին իր ելույթը սկսեց մայիսի 26-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի և տոնակատարությունների պատճառների քննարկմամբ:
«Մենք արդեն հաղթել ենք»
«Մենք արդեն հաղթանակած ենք, քանի որ դարերի ընթացքում Վրաստանը դիմացել է ամեն ինչի և հասել է այս ճանապարհին, քանի որ 107 տարի առաջ՝ 1918 թվականին, Վրաստանը վերականգնեց իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Մենք հաղթանակած ենք, քանի որ 70 տարվա օկուպացիայից և պետությունը, նույնիսկ նրա ինքնությունը ոչնչացնելու փորձերից հետո Վրաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականի ապրիլի 9-ին։ Մենք հաղթանակած ենք, քանի որ հանրաքվե անցկացվեց, և մենք բոլորս միասին էինք, և մենք բոլորս միասին որոշեցինք վերադարձնել և վերականգնել մեր անկախությունը։
Մենք հաղթողներ ենք, քանի որ Վրաստանն արդեն երկու տարի է, ինչ փողոցում է կանգնած՝ ոտքի կանգնելով ամեն անգամ, երբ հարցականի տակ էին դրվում նրա անկախությունը, ազատությունը և ապագան։ Կանգնած էր 2008 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց։ Եվ այսօր էլ՝ ընտրություններից 7 ամիս անց և ոչ լեգիտիմ կառավարության կողմից դեպի Եվրոպա մեր ճանապարհը փակելու որոշումից 6 ամիս անց»։
Այս ելույթում Զուրաբիշվիլին հիշատակել է «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին, որ բանտարկված է և կարող է դատապարտվել 4-ից 7 տարվա ազատազրկման։
«Մինչև վերջ»՝ պայքարի երեք ճակատներով
Զուրաբիշվիլին թվարկել է երեք հայեցակետ, որոնք, նրա խոսքով, անհրաժեշտ են հաղթանակն «ամբողջական» դարձնելու համար.
- Համայնքային միասնություն/ցույցեր
- Արևմտյան/գործընկերային աջակցություն
- Քաղաքական այլընտրանքի ստեղծում։
Նա մանրամասն խոսել է երեք բաղադրիչներից յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին։ Զուրաբիշվիլին ասել է, որ առաջին և երկրորդ հայեցակետերը «ձեռք են բերվել». Վրաստանի քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը, գործընկերները «չեն ճանաչում «Վրացական երազանք»-ի օրինականությունը»։
«Մինչև վերջ, մինչև վերջ», — սկսել են վանկարկել ցուցարարները նրա ելույթի ժամանակ։ Զուրաբիշվիլին նույնպես միացել է. «Մինչև վերջ»։
Զուրաբիշվիլիի խոսքով, երրորդ բաղադրիչը դեռ պետք է իրականացվի, որի համար, նրա խոսքով, ստեղծվել է «Դիմադրության հարթակ»։
Ընտրությունների նախապատրաստում
«Պետք է ստեղծվի քաղաքական այլընտրանք, որը կշահի ձեր և մեր գործընկերների վստահությունը», — ասել է Զուրաբիշվիլին։
Նա կրկնել է, որ «ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող որևէ բանի հասնել» և խոսել է միասնության անհրաժեշտության մասին։
««Վրացական երազանք»-ի, որը ոչնչի ընդունակ չէ, միակ լծակն ու նպատակը հասարակության և քաղաքական կուսակցությունների, հատվածների միջև պառակտում ստեղծելն է։ Սա բոլոր բռնապետական ռեժիմների համար միակ ճանապարհն է՝ բաժանիր և տիրիր։ Մենք չպետք է սա թույլ տանք», — ասել է 5-րդ նախագահը:
Ըստ նրա՝ ընդդիմադիր կուսակցությունների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության հարցը «օրակարգ է բերվել» «Վրացական երազանք»-ի կողմից։
«Ոչ ոք չի գնալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, եթե դրանք տեղի են ունենում «Վրացական երազանք»-ի կանոններով և «Վրացական երազանք»-ի վերահսկողության ու մանիպուլյացիայի ներքո։ Բոլորս, նախ, կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին և միայն դրանից հետո` տեղական ընտրություններին կամ, վերջին հաշվով, համատեղ խորհրդարանական և տեղական ընտրություններին», — ասել է նա։
Զուրաբիշվիլին նաև նշել է, որ ընտրություններին նախապատրաստվելը անհրաժեշտ է:
Դիմում բանակին և ոստիկանությանը
Զուրաբիշվիլին դիմել է Վրաստանի պաշտպանության ուժերին և ոստիկանությանը. «Այսօր չեմ կարող չդիմել և չշնորհավորել վրացական բանակին, որը, վստահ եմ, տառապում է այսօրվա Վրաստանի ճակատագրի, պետականության անհետացման պատճառով… Նրանք այսօր մեզ հետ են, մեր հոգիներում, մեր սրտերում, և մենք միասին ենք: Դուք կզարմանաք, բայց ես այսօր ուզում եմ շնորհավորել վրաց ոստիկանությանը՝ նրանք կոլեկտիվ դգեբուաձեներ (Իրակլի Դգեբուաձե՝ ոստիկան, որին ապտակելու մեղադրանքով ձերբակալել են Ամաղլոբելիին — հեղ.) չեն։ Նրանց թվում կան մարդիկ, որոնց սրտերը ցավում են Վրաստանի համար, և այն պատճառով նրանք չեն կարողանում կատարել իրենց գլխավոր պարտականությունը, որը կոչվում է քաղաքացիների պաշտպանություն»:
Նրանից հետո ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն։
Վրաստանի անկախության մասին օրենքի ընդունումից անցել է 107 տարի։ Մայիսի 26-ը Վրաստանի անկախության օրն է։
Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն գրեթե 6 ամիս։