«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ, ԱՄՆ-ից պատժամիջոցների ենթարկված Բիձինա Իվանիշվիլին «անհասկանալի» է անվանել ԱՄՆ դեսպանատան այն հայտարարությունը, ըստ որի` Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանին` լսելու համար «Թրամփի վարչակազմի ուղերձը»։
Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ «մի քանի օր առաջ դեսպանատունը կապ է հաստատել Վրաստանի վարչապետի և կառավարության այլ պաշտոնյաների հետ հանդիպման վերաբերյալ: ԱՄՆ դեսպանը Վրաստանի վարչապետին տեղեկացրել է, որ ցանկանում է հանդիպել ինձ և «փոխանցել պետքարտուղար Ռուբիոյի ուղերձը, որի առթիվ ես արտահայտել եմ իմ խոր հարգանքը, սակայն հրաժարվել եմ հանդիպումից», — հաստատել է Իվանիշվիլին։
«Հրաժարվելու հետ մեկտեղ մենք դեսպանին առաջարկեցինք հանդիպում Վրաստանի վարչապետի հետ… Սակայն դեսպանը մերժեց», — հավելել է Իվանիշվիլին։
Դեսպանատան հաղորդմամբ՝ պետքարտուղար Ռուբիոյի խնդրանքով մայիսի 22-ին դեսպան Դանիգանը խնդրել է հանդիպում Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել դեսպան Ռոբին Դանիգանին, այդ հանդիպմանը նա պետք է լսեր Թրամփի վարչակազմի ուղերձը, հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը։