ԱԳՆ-ն տեղեկացրել է, թե ում վրա չի տարածվում «վրացական FARA»-ն

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տեղեկացրել է երկրում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ​​առաքելություններին, որ «վրացական FARA»-ն իրենց վրա չի տարածվում:

Նամակի ստացման մասին տեղեկությունը վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին տրամադրել են դեսպանատներից և միջազգային կազմակերպություններից երեք անկախ աղբյուրներ: ԱԳՆ-ն նույնպես հաստատել է, որ նամակն ուղարկվել է։

Նամակը թվագրված է մայիսի 30-ով՝ օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ։

«Հետևյալ անձինք ազատված են ինչպես FARA-ի շրջանակներում գրանցման պահանջից, այնպես էլ Հակոռուպցիոն բյուրոյի սահմանած ազատման ձևերը ներկայացնելու պարտավորությունից», — ասված է նամակում։

Մայիսի 31-ից ուժի մեջ է «վրացական FARA»-ն, որը որոշ վրացական ՀԿ-ներ և լրատվամիջոցներ ընկալում են որպես իրենց գործունեությունը սահմանափակող օրենք: Այս օրենքը, ի տարբերություն ամերիկյան FARA-ի, ուղղված է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին: Վերջինս սահմանում է քրեական հետապնդման մեխանիզմ, մասնավորապես` օրենքը ներառում է գրանցման պահանջ, համապատասխան փաստաթղթերի բացահայտում և տարեկան ֆինանսական հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն։

Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին լրատվամիջոցներին պարզաբանել էր, թե ում վրա է տարածվում «վրացական FARA»-ն։

«FARA օրենքը կարող է տարածվել և՛ լրատվամիջոցների, և՛ ոչ կառավարական կազմակերպությունների, և՛ անհատների վրա», — ասել էր Կուպրաշվիլին։

Օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելը կամ անպատշաճ կատարելը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ կամ տուգանքով, իսկ իրավաբանական անձի համար՝ տուգանքով։

«Վրացական FARA»-ն ուժի մեջ մտավ. արձագանքներ Բրյուսելից